Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարվում է քաղաքականություն, որպեսզի դիվանագիտական ակադեմիան դառնա նախևառաջ վերապատրաստման հաստատություն, և գումարի զգալի մասը ուղղվում է վերապատրաստմանը» ․ Վահե Գևորգյան

Ազգային Ժողովում այսօր շարունակվում է 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն էր ներկայացել Ազգային Ժողով՝ ներկայացնելու նախարարության 2022 թվականի բյուջեն։ 

Հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե դիվանագետների պատրաստման և վերապատրաստման համար նախատեսված գումարը արդյո՞ք այն գումարն է, որը պահանջել է նախարարությունը, սակայն քիչ է տրամադրվել, թե՞ հենց այդքան էլ պահանջվել է, և ո՞ր մասն է հատկացվելու դիվանագետների պատրաստմանը, որ մասը՝ վերապատրաստմանը, և որտե՞ղ են դիվանագետները անցնելու պատրաստում և վերապատրաստում։

Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք կաբինետի ծախսերի մեջ մտնում է նաև փորձագիտական, վերլուծական խմբերին պատվիրակված աշխատանքների ծախսերը և արդյոք կա՞ համագործակցություն վերջիններիս հետ։

Վահե Գևորգյանը նշեց, որ շատ լավ հարաբերություններ ունեն ֆինանսների նախարարության հետ և հաստատվել են այն գումարները, որոնք իրենք ներկայացրել են։ Այսինքն իրենց ներկայացրած թվերը իրատեսական են եղել։

Ինչ վերաբերում է դիվանագիտական դպրոցին, Վահե Գևորգյանն ասաց, որ չի կարող հստակ նշել, թե գումարի որ մասն է ուղղվելու դիվանագետների պատրաստմանը, որ մասը՝ վերապատրաստմանը։

Վահե Գևորգյանը նշեց, որ սկզբնական շրջանում դիվանագիտական ակադեմիան ստեղծվել էր որպես կրթօջախ։ Այժմ տարվում է քաղաքականություն, որպեսզի դիվանագիտական ակադեմիան դառնա նախևառաջ վերապատրաստման հաստատություն, և գումարի զգալի մասը ուղղվում է վերապատրաստմանը։

Գևորգյանը, անդրադառնալով կաբինետի ծախսերին նշեց, որ նշված գումարը վերաբերում է բացառապես կաբինետի վրա կատարվող ծախսերին և իր մեջ չի ներառում տարբեր փորձագիտական խմբերին պատվիրակված աշխատանքներին ուղղված գումարները և նման աշխատանքներ որևէ փորաձագիտական խմբի չի պատվիրակվում, չնայած դա հետագա քննարկման առարկա կարող է դառնալ։