Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանությունը պետք է կոնկրետ պահանջներ ուղղի ռուսներին՝ եթե նրանք այսպես պետք է խաղաղապահ առաքելություն կատարեն, ավելի լավ է՝ դիմենք այլ պետությունների. «Վաղվա Արցախ»-ի նախագահ

Իշխանությունը պետք է կոնկրետ պահանջներ ուղղի ռուսներին՝ եթե նրանք այսպես պետք է խաղաղապահ առաքելություն կատարեն, ավելի լավ է՝ դիմենք այլ պետությունների. «Վաղվա Արցախ»-ի նախագահ
Հայաստան
18:46, 12 ноябрь 2021
Վաղը Արցախի մայրաքաղաքում քաղաքացիական հավաք է նախատեսվում՝ քննարկելու երկրի խնդիրները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել նշված վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա, քաղաքացիներից մեկը զոհվել էր, երեքը վիրավորվել էին։
Արցախում միջադեպից հետո տիրող տրամադրությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանի և Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ։

«Արցախում հետպատերազմյան տրամադրություններ են, շատերի մեջ անորոշություն կա, իսկ ցանկացած նման դեպք ավելի է խորացնում  հիասթափությունը։ Մարդիկ ուղղակի ապագա չեն տեսնում, վախենում են, որ հետագայում ավելի վատ լինի։ Մենք տուպիկի մեջ ենք, ցանկացած պահի կարող են ճանապարհը փակել, մենք մեր ընտանիքներով, երեխաներով այստեղ ենք ապրում»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։ 

 Նա նշեց, որ երբ նման դեպքերին ՌԴ խաղաղապահները նման կերպ են արձագանքում, մարդկանց մեջ էլ ավելի է խուճապ առաջանում: «Օրինակ՝ որ տրակտորի վարորդին սպանեցին, ՌԴ-ի կողմից լուրջ արձագանք չեղավ, Շուշիի մոտ երիտասարդին որ սպանեցին, երեք հոգու վիրավորեցին՝ էլի  «ծամեցին» գնաց»,- ասաց նա՝ մանրամասնելով. «Այսինքն՝ կոշտ արձագանք չկա ռուս խաղաղապահների կողմից, դրա համար էլ հանրությունն արդեն հույս չի կապում։ Մարդն իր վրա է վերցնում, որ վաղն էլ միգուցե իր հետ  նման բան կատարվի՝ ճանապարհին, Երևան գնալուց և այլն։ Դա է մարդկանց մտահոգում և հիասթափեցնում»։ 

Տիգրան Պետրոսյանի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը ոչ պատշաճ ձևով են իրականացնում։ «Սա է մեծամասնության կարծիքը, բայց դրա հետ միասին մարդիկ հասկանում են, որ այս պահի դրությամբ իրենցից ենք կախված, դրա համար շատ կոպիտ, կոշտ արձագանքներ մենք չենք տեսնում»,- ասաց Պետրոսյանը։   
  
Վերջինս կարծում է, որ գործադիր իշխանությունը ռուսներին կոնկրետ պահանջներ պետք է ուղղի՝ ասելով, որ եթե նրանք այսպես պետք է  իրենց  խաղաղապահ առաքելությունը կատարեն, ավելի լավ է՝ մենք դիմենք այլ պետությունների,  իրենք գան մեր անվտանգությունն ապահովեն, որովհետև իրականում չեն տեսնում արձագանքներ. կոշտ արձագանքներ են պետք։ 

«Այդ աշխատողները քաղաքացիական անձինք էին, և կարելի է ասել՝ մարդը եկել, ցուցադրաբար կրակել է նրանց վրա, ու քննադատություն չենք տեսնում Կրեմլի կողմից։  Ասում են, որ ադրբեջանցիները հետաքննում են, բայց ոնց մենք կարող ենք հույս կապել, երբ Սաֆարովը քնած հային սպանեց, էդ Սաֆարովին հերոսացրին, ինչ պետք է սպասել նման ազգից։ Ադրբեջանական կողմը կարող է ձևական ասել՝ հետաքննում ենք, փախած է և այլն, բայց իրականությունը բոլորին էլ պարզ է՝ որևէ բան էլ չեն անելու, նրանք նույնիսկ խրախուսում են նման դեպքերը»,- ասաց «Վաղվա Արցախի» նախագահը։ 

Նրա խոսքով՝ եթե ռուս խաղաղապահներն ասել են, որ այդ առաքելությունը իրենց վրա են վերցնում, իրենցից էլ պետք է պահանջել։  «Իմ կարծիքով՝ Արցախի ղեկավարությունը պետք է պահանջի, եթե Արցախի ղեկավարությունը չի պահանջում, արդեն Արցախի հանրությունը պետք է պահանջի, բայց ես հանրության հետ մեծ հույսեր չեմ կապում։ Եթե նման կերպ շարունակվի, այստեղ հայաթափման պրոցեսը էլ ավելի է տեմպեր առնելու»,- եզրափակեց Տիգրան Պետրոսյանը։ 

Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը նույնպես ասաց, որ Արցախում վերոնշյալ միջադեպերից հետո անհուսությունն ավելի է խորանում մարդկանց մեջ։

Օսիպյանի կարծիքով՝ ռուսական ռազմական ներկայությունը Արցախում պետք է ավելացվի, որ խաղաղապահներն իրենց առաքելությունը պատշաճ կատարեն։ «Կարծում ենք, որ Արցախի իշխանությունները՝ ԱԺ-ով, թե Կառավարությունով, նույնիսկ Արայիկ Հարությունյանն էլ, պետք է դիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ այստեղ խաղաղապահ զորքերի քանակը շատացնի՝ իրենց համապատասխան զենք-զինամթերքով, և այլն։  Այսպիսի մի բան պետք է արվի, որպեսզի մի հույս առաջանա։ Երկրորդը՝ Ադրբեջանն էլ իր հերթին կտեսնի, որ իր այդ ճնշումները, հանցագործությունները այսպիսի պատասխան են ստանում, Ռուսաստանն է այստեղ ուժեղանում, և ինքն էլ իր հերթին ապագայում զերծ կմնա նման քաղաքականությունից»։ 

Հակառակ դեպքում, ըստ կուսակցության նախագահի, Ադրբեջանն իրագործում է Արցախը հայաթափելու քաղաքականությունը: «Ուզում են այստեղից հեռացնեն ժողովրդին, դարձնեն 20-25 000, ոնց որ Ալիևն է ասել, որպեսզի Արցախի ստատուսի հարցը դառնա լուծված։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Նա նաև հավելեց, որ Արցախի իշխանությունները պետք է  կողմնորոշվեն, դրությունից մի ելք գտնեն. «Բայց  դեռ դրա նշույլները ժողովուրդը չի տեսնում»։      
  
Լիլիթ Թադևոսյան