Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն՝ Շուշիի մոտ Ադրբեջանի կողմից հայ բնակչի սպանության մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Շուշիի մոտ Ադրբեջանի կողմից հայ բնակչի սպանության մասին
Քաղաքականություն
23:11, 09 ноябрь 2021
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

Ըստ հայտարարության՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 8-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ»,- ասված էր հաղորդագրության մեջ: