Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ունի լիարժեք մեծ փաթեթ այսպիսի լարվածությունները կանխելու. Գոնե իրենց գնահատականներով պետք է կանխեն. Անդրանիկ Քոչարյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Մենք այնուամենայնիվ ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք՝ անկախ նրանից, թե ՀԱՊԿ-ում ինչ այլ պետություններ են ընդգրկված: Այնտեղ ընդգրկված և մեր ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է, որը ըստ էության ունի լիարժեք մեծ փաթեթ այսպիսի լարվածությունները կանխելու»,- հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ այս պահի դրությամբ ոչ հայտարարություն են լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն:

Նրա խոսքով՝ մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև. «Եթե այդ փուլը մենք իրականացրած լինեինք, հակառակորդը երբեք մեղադրանք չէր կարող ներկայացրած լինել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:

«Այսպես թե այնպես այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, կհաղթահարենք միասնաբար, և մեր միասնականությունից է կախված՝ ԶՈՒ-ն միայնակ կմնա այսօրվա վիճակում, թե մենք բոլորս բառիս բուն իմաստով կլինենք զինված ուժերին ենթակա մարմին՝ դա կլինի Ազգային ժողով, կառավարություն, թե սովորական քաղաքացի»,- նշեց նա և կարծիք հայտնեց, որ ՄԱԿ ԱԽ-ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում:

Նա կոչով դիմեց ՀԱՊԿ-ին և նշեց. «Այդ տիրույթն ունի պարտավորություններ, ինչպես և մենք՝ այդ տիրույթում գտնվող մյուս պետությունների նկատմամբ: Օր առաջ գոնե թող իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը, որովհետև հակառակ դեպքում այս լարվածությունը կընդլայնվի, և կլինեն զոհեր երկու կողմից, ինչը ցանկալի չէ: Մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի կարողանանք տարածաշրջանը հեռու պահել ավելի մեծ, մասշտաբային ռազմական բնույթի ցնցումներից»: