Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև դա առնչվում է սահմանի ուժերի դասավորությանը․ Անդրանիկ Քոչարյան

«ՀՀ վարչապետը բազմիցս  հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է և շահագրգռված է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն սկսելու մեջ։ Վարչապետն ինչպես  հայտարարել է՝ Հայաստանն ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին և որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո պատրաստ է ձևավորել հանձնաժողով և անցնել աշխատանքներին։ Ինչ վերաբերում է թաքուն գործընթացներին, որոնք ժողովրդի թիկունքում են տեղի ունեցել, չեմ հասկանում տրամաբանությունը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու են անակնկալ իմանում, որ վարչապետն իր համաձայնությունը տվել է ՌԴ-ի առաջարկին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը ի դեմս վարչապետի բազմիցս հայտարարել է, որ  պատրաստ է և շահագրգռված է  գործընթացն օր առաջ սկսել։ Բովանդակության մասին դեռ վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին, և այդ հարցի վերաբերյալ որոշակի տեխնիկակական հարցերի շուրջ որոշակի համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է լինելու ձևավորել հանձնաժողով և սկսել բուն աշխատանքը։ 

Ճեպազրույցին ներկա պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հարց ուղղեց, թե կա՞ պրակտիկայում որևէ դեպք, երբ բանակցությունները, մանավանդ այս բնույթի, տեղի են ունենում  հանրային։ 

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ իրավիճակի հետ գործ ունենք, ինչ կարևորության, ինչ նրբությունների հետ գործ ունենք, մարդկային կյանքերի հետ գործ ունենք, շատ լարված իրավիճակի հետ,  և ցանկացած քննարկման ցանկացած դրվագ շատ կարևոր է, որ դրանք չխոչընդոտվեն, չխաթարվեն։ Մանավանդ երբ ունենք, որ ինչ-որ փաստաթղթերի արտահոսքեր են տեղի ունեցել, դրանք սևով ծածկվել են, ներկայացվել են բոլորովին այլ բան, իհարկե մենք հետո տեսել ենք ինչ է եղել։ Գործընթացների վրա, որոնք առանց այդ էլ բարդ ընթացքով են տեղի ունենում, իրենց բացասական ազդեցությունն են ունենում և ամենևին չեն նպաստում ՀՀ պետական շահերին և մենք էլ տեսնում ենք, որ մեր երկրի ներսում էլ կան բազմաթիվ խմբեր, խմբակներ, որոնք ամեն ինչ անում են գործընթացները խափանելու, ըստ այդմ ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Այդ պատճառով նա խնդրեց որ այս թեզերը հնարավորինս քիչ օգտագործեն, որովհետև դրանք անմիտ են, և  բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում դրանք գաղտնի են լինում։

Ճեպազրույցին ներկա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ գաղտնիույթունը խիստ անհրաժեշտ է, որովհետև դա առնչվում է սահմանի ուժերի դասավորությանը՝ այս պահի դրությամբ ևս, և դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի նոր կրակելու օջախներ չառաջանան։