Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանյան լիճը կեղտով է պատված, մակերեսին շշեր են լողում. քաղաքապետարանից պարզաբանում են պատճառները

Երևանյան լիճը կեղտով է պատված, մակերեսին շշեր են լողում. քաղաքապետարանից պարզաբանում են պատճառները
Հայաստան
14:26, 23 ноябрь 2021
Երեւանյան լիճ արհեստական ջրամբարն արդեն մի քանի օր է՝ կեղտով է պատված: Լճի բոլոր կողմերում աղբ է, ջրի մակերեսին էլ պլաստմասե շշեր են լողում:

Սրանից որոշ ժամանակ առաջ էլ Երեւանյան լիճ արհեստական ջրամբարը մասամբ ցամաքել էր: Դրա վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ լճի մակարդակն իջեցվել էր՝ ցանցը մաքրելու եւ ջրի լիարժեք թողունակությունն ապահովելու նպատակով: Այն պատված է եղել տիղմով՝ թույլ չտալով, որ ջրթող իրականացվի:

Այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ավարտվել են, իրականացվել է նաեւ ջրալցումը (ջրի ամբարումը): Սակայն լիճն ու առափնյա հատվածն այդպես էլ չեն մաքրվել: Քաղաքացիների, մեղմ ասած, անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով էլ այդտեղ կուտակված աղբն օր օրի ավելանում է:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են՝ քանի որ լճի մաքրումն ինքնին բավականին ծավալուն ու ժամանակատար աշխատանք է, ուստի անել դա շատ հաճախակի, ֆիզիկապես եւ տեխնիկապես հնարավոր չէ: «Մինչեւ այս տարվա վերջ առափնյա հատվածներից ինչքան հնարավոր է մաքրել՝ կմաքրվի այդ աղբը»,- ասել են քաղաքապետարանի լրատվականից՝ հավելելով՝ լիճը մաքրելու համար քննարկումներ են ընթանում:
Նախկինում լիճը նավակներով է մաքրվել, սակայն փորձը ցույց է տվել, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ ամբողջությամբ չի մաքրվում, չափազանց ժամանակատար ու բարդ գործընթաց է:

Քաղաքապետարանի լրատվականից նաեւ նկատեցին՝ լիճը մաքրելու համար մասնագիտացված տեխնիկա է պետք. «Հաջորդ տարի ավելի ծավալուն աշխատանքներ կիրականացվեն, և այդ նպատակով ամենայն հավանականությամբ ձեռք կբերվի մասնագիտացված տեխնիկա՝ գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»: