Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին

Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Հայաստան
14:40, 29 ноябрь 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն են ունեցել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ներկայացրել է համագործակցության առաջնահերթ մի քանի ոլորտ, ինչպիսիք են ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին: