Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր ռազմագերիների վերադարձը ես համարում եմ խաղաղապահների քաղաքացիական պարտքը. Մուրադով

Բոլոր ռազմագերիների վերադարձը ես համարում եմ խաղաղապահների քաղաքացիական պարտքը. Մուրադով
Հայաստան
13:43, 09 декабрь 2021
Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայումս գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, այս հարցում կա դրական ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն այս գործընթացը»,- ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահների քաղաքացիական պարտքը։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք թռչեցինք Բաքու, և Երևան վերադառնալուն պես տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն ժամանել էին Էրեբունի օդանավակայան, ես արցունքներ տեսա տղաների դեմքին, նրանք չէին կարողանում հավատալ, որ տուն են վերադարձել»,- ասել է Մուրադովը:

Աղբյուր՝ armtimes.com