Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումները չշարունակելու դեպքում նորից կկանգնենք ճգնաժամի առաջ. «Օմիկրոնի» մուտքը ՀՀ անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով համաճարակային իրավիճակը հանրապետությունում, ասաց. «Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, ապա այս տարվա նոյեմբերից բավական աճ է գրանցվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, ինչը կապված է նաև ուսումնական արձակուրդների հետ»:

Նախարարի խոսքով՝ մահճակալային առումով վիճակը վերահսկելի է. «Մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու նաև գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին հոսպիտալացված է 595 քաղաքացի, որոնց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներն են»:
Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ որևէ հակացուցում չկա, որ քովիդի դեմ պատվաստանյութի հետ միաժամանակ քաղաքացիները ստանան նաև գրիպի դեմ պատվաստում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային իրավիճակին, նա նշեց, որ կայուն վիճակը պահպանվում է. «Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ եթե պատվաստումները պատշաճ կերպով չշարունակվեն, ճգնաժամը անխուսափելիորեն վերադառնալու է: «Անխուսափելի է նաև «օմիկրոն» շտամի մուտքը Հայաստան. ես դժվար եմ պատկերացնում, որ այդ շտամը Հայաստան չմտնի»,- ասաց վարչապետը և նշեց, որ պատվաստումային պաշարները բավարար են, և պատվաստումները կատարվում են անվճար: