Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատը մի շարք պետական հիմնարկներում հաշվեքննությունն է անցկացնելու. Ցանկում են Երեւանի քաղաքապետարանն ու Ֆիննախը. Հաշվեքննվելու է «Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործումը

Հաշվեքննիչ պալատը մի շարք պետական հիմնարկներում հաշվեքննությունն է անցկացնելու.  Ցանկում են Երեւանի քաղաքապետարանն ու Ֆիննախը. Հաշվեքննվելու է  «Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործումը
Հայաստան
11:24, 14 январь 2022
ՀՀ Հաշվեքննիչ պալատը հրապարակել է 2022 թվականի գործունեության ծրագիրը: Ըստ այդմ՝  ընթացիկ տարում Պալատը հաշվեքննություն է իրականացնելու  պետական մի շարք հաստատություններում, մասնավորապես՝ Ոստիկանությունում, Պաշտպանության, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններում,  ՊԵԿ-ում:

Մասնավորապես Պաշտպանության նախարարությունում հաշվեքննության առարկա է հանդիսանալու գնումների գործընթացը, նախարարության կողմից որպես բարեգործություն կամ նվիրատվության արդյունքում ստացված գույքի՝ որպես պետական սեփականություն օգտագործման գործընթացը: Աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունում էլ հաշվեքննության առարկա են հանդիսանալու ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհներն ու սուբսիդիաները, ՀՀ ֆինանսների նախարարությունում էլ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործումը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում հաշվեքննության առարկա է հանդիսանալու Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդիի ջրամբարի կառուցումը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում էլ հաշվեքննության առարկան լինելու է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությունը: 

Հաշվեքննության օբյեկտների  ցանկում է նաեւ  Երեւանի քաղաքապետարանը: Այս հիմնարկում  հաշվեքննության առարկա են հանդիսանալու Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի պահպանման ծախսերը, արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքները, ինչպես նաեւ բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգումն ու պահպանումը: