Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենան արևմտյան պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա

Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում, բնականաբար, բացասական է լինելու. ՀՀ-ում արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։

Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունությունը, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։

ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ Ռուսաստան արտահանվող ապրանքների ինքնարժեքը բարձրանալու է` կապված ռուսական ռուբլու արժեզրկման հետ։ Հաջորդ բացասական ազդեցությունը, ըստ Գևորգ Պապոյանի, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների ուղարկած գումարի արժեզրկումն է։

Ինչպե՞ս կազդի ռուբլու նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա։ ԿԲ-ն նշել է, որ ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։

Անդրադառնալով գնաճին Կենտրոնական բանկը նշել է, որ այս բոլոր զարգացումները գնաճի վրա տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը՝ բարձր։  Ընդհանուր գնահատական տալու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա հնարավոր կլինի տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկը առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր սցենարներ և ԿԲ-ի արձագանքը տարբեր սցենարների դեպքում։