Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա կունենա անուղղակի, ոչ մեծ ազդեցություն․ Վարդան Բոստանջյան

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Հայաստանի վրա կունենա անուղղակի, ոչ մեծ ազդեցություն․ Վարդան Բոստանջյան
Տնտեսություն
20:02, 23 февраль 2022
Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո Արևմուտքի և Ամերիկայի կողմից պատժամիջոցների կիրառման տնտեսական հետևանքների, հատկապես դրանց՝ Հայաստանի վրա ազդեցության մասին Civic.am-ը զրուցել է տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ։
 
 Անդրադառնալով «Հյուսիսային հոսք-2»-ի կասեցմանը, Վարդան Բոստանջյանը նշեց, որ «ընդամենը սերտիֆիկացիան է կասեցվել», այսինքն՝ ինչ-որ ժամանակահատված հետո հնարավոր է վերականգնել։ 

 Բոստանջյանը նշեց նաև, որ ԱՄՆ-ն չի ուզում համակերպվել, որ աշխարհն արդեն միաբևեռ չէ, գոյություն ունի առնվազն երեք բևեռ՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Միացյալ Նահանգները։

«Արևմտյան և արդեն նաև Արևելյան Եվրոպան գտնվում են մի առանցքի վրա, որը ղեկավարում է Ամերիկան։ Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսքին», գազի սակագինը գրեթե հասել է 2000 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը չափազանց թանկ է և, բնականաբար, Եվրոպայում չեն կարողանալու համակերպվել այդպիսի բարձր սակագնի հետ։ Բացի դրանից, կա նաև այլ հարց՝ բազմաթիվ խոշոր ընկերություններ մասնակցում են այս մեծ պրոեկտին, որոնք շահույթ կարող են ունենալ միայն այս խողովակաշարի աշխատելու պարագայում։ Հիմա դեռևս գնում է պարանի ձգումը, որտեղ հաղթողներ չկան», - նշեց Վարդան Բոստանջյանը։

Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին խոսելով, Վարդան Բոստանջյանն ասաց, որ դրանք մեծ ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ այդ պատժամիջոցները քիչ են անդրադառնում հայկական շրջանառության վրա.  «Մենք ո՛չ ատոմային էներգետիկան ենք զարգացնում, ո՛չ կոսմոսը։ Պատժամիջոցների կիրառումը բավականաչափ վատ է Ռուսաստանի համար։ Հայաստանի վրա դրանք կունենան որոշակի, անուղղակի ազդեցություն, բայց այդ ազդեցությունը այսօրվա գոյություն ունեցող հարաբերույթունների պայմաններում դառնում է աննշան»։

 Այդ աննշան ազդեցությունների մեջ, ըստ Բոստանջյանի, մտնում են նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտները։ ՌԴ-ից տրասնֆերտներ ստացողների վրա, բնականաբար, պատժամիջոցները կունենան ազդեցություն՝ հաշվի առնելով ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը։
 
Հարցին՝ ինչպե՞ս կազդի փոխարժեքի նվազումը արտահանողների և ներմուծողների վրա, Վարդան Բոստանջյանը նշեց, որ Հայաստանի արտահանման հիմնական մասը բաժին է հասնում հանքանյութի խտանյութին, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հետևաբար դա ևս էականորեն  չի ազդի Հայաստանի տնտեսության վրա։ Իրենց վրա որոշակի ազդեցություն կզգան հիմնականում գյուղմթերք և գյուղատնտեսական արտադրանք արտահանողները, ինչը տնտեսության վրա, ընդհանուր առմամբ ևս մեծ ազդեցություն չի ունենա, ծավալները կպահպանվեն, իսկ ֆինանսական առումով աղզդեցություն այդ ոլորտում գործողները կզգան։  

 Ռուսաստանը, ըստ Վարդան Բոստանջյանի, ստիպված կլինի հարմարվել նոր իրողություններին։ «Պատժամիջոցները առիթ են հանդիսանում, որպեսզի խթանվի ներքին զարգացումը։ Իհարկե դա ժամանակ է պահանջում», - եզրափակեց Վարդան Բոստանջյանը։
 
Վովա Հակոբյան