Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդու քանի՞ սերունդ կանի՝ մի հրաժեշտն աստեղային» Հովհաննես Թումանյանի և Վիկտոր Համբարձումյանի զրույցից ծնվեց ևս մի բանաստեղծություն

«Մարդու քանի՞ սերունդ կանի՝ մի հրաժեշտն աստեղային» Հովհաննես Թումանյանի և Վիկտոր Համբարձումյանի զրույցից ծնվեց ևս մի բանաստեղծություն
Հայաստան
17:06, 23 март 2021
Ամենայն հայոց գրող Հովհաննես Թումանյանն իր վերջին ստեղծագործությունն անվանել է «Սիրիուսի հրաժեշտ»։ Թումանյանն այդ ստեղծագործությունը գրել է 1922թ-ին։

Civic.am-ի հետ զրույցում Հ․Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն,անդրադառնալով այդ բանաստեղծությանը, նշեց, որ այն շատ հետաքրքիր պատմություն ունի․

 «Երբ, որ Թումանյանը արդեն Թիֆլիսում էր և վատառողջ էր, շատ մտերիմ էր ապագա աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ Համազասպ Համբարձումյանի հետ։ Եվ Համազասպի հերթական այցի ժամանակ Թումանյանը, լսելով, թե ինչպես է Համազասպը պատմում, որ որդին մեծ սեր ունի աստղերի, տիեզերքի նկատմամբ՝ ասում է․ «Որդուդ ուղարկիր մեզ մոտ մի քիչ զրուցելու»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ Հովհաննես Թումանյանն ու Համազասպ Համբարձումյանը նույն փողոցում էին ապրում։ Եվ այդ ժամանակ Վիկտոր Համբարձումյանը տասնչորս տարեկան էր․ «Պատանի Վիկտորը այցելում է Թումանյանի տուն, և նրանք շատ երկար խոսում են աստղերի մասին․ «Թումանյանն ասում է՝ ո՞րն է արդյոք տիեզերքի ամենափայլուն աստղը, և Վիկտորը սկսում է ներկայացնել Սիրիուսը՝ նշելով թե արևից քանի միլիոն անգամ է ավելի լուսավորում»։
Հովհաննես Թումանյանի և Վիկտոր Համբարձումյանի միջև հետաքրքրիր զրույց է ծավալվում, դպրոցական Վիկտորը աստղային համակարգի մասին իր գիտելիքներն է պատմում մեծ գրողին։ Եվ այդ զրույցը այնքան է ազդում Թումանյանի վրա, որ նա այդ զրույցից հետո գրում է «Սիրիուսի հրաժեշտ» բանաստեղծությունը։ 

Այս պատմության մասին՝ Թումանյանի 100-ամյակին հիշատակում է Վիկտոր Համբարձումյանը՝ պատմելով, թե ինչպես է եղել Թումանյանի հետ հանդիպումը, և որ այդ ստեղծագործությունը իրենց երկխոսության արդյունքում է ծնվել։ 

Այսօր՝ մարտի 23-ը, Ամենայն հայոց գրող Հովհաննես Թումանյանի հիշատակի օրն է։ 

Անի Եղիազարյանը պատմեց նաև, որ մեծ գրողն իր կյանքի վերջին ամիսներն  անցկացրել է Մոսկվայի Օստրոումովի անվան հիվանդանոցում, և մեծ հույս ուներ, որ կառողջանա և կվերադառնա Լոռի՝ շարունակելու իր հիմնական գործը՝ ստեղծագործելը․ «Իր կյանքի անվարտ ստեղծագործությւոններից մեկը «Հազարան Բլբուլ»-ն է։ Այդ ստեղծագործության ձեռագրերից շատերը 1923թ․ իր հետ հիվանդանոց տարավ՝ մտածում էր ընթացքում իրեն լավ կզգա, և այդ ստեղծագործության վրա կաշխատի, բայց ցավոք սրտի ձեռագրերը կիսաավարտ են մնացել և ստեղծագործությունը չի ավարտվել»։ 
Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը, հավաքագրել է հոր հիվանդանոցային տրամադրությունները։ Գրառումներից պարզ է դառնում, որ Հովհաննես Թումանյանի ամենամեծ բաղձանքն էր Լոռի վերադառնալը։
«Թումանյանը կարոտել էր Լոռվա բնությանը։ Նվարդը գրել է՝ պատուհանից անընդհատ նայում էր ու ասում՝ երանի այն օրը, որ կկարողանամ նորից Լոռի գնալ։»։
 
․․․Բարի ճամփա, հյուրդ մեր հին․
     Եվ թե տեսնես՝ 
     Մեզնից էսպես
     Մի հարցում տուր հզոր մահին․
     -Մարդու քանի՞ 
    Սերունդ կանի
    Մի հրաժեշտն աստեղային։
(հատված «Սիրիուսի հրաժեշտ» ստեղծագործությունից)
 
Նարա Մարտիրոսյան