Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս քաղաքական ու էմոցիոնալ ֆոնի հաղթահարման ճանապարհներից մեկը արտահերթ ընտրություններն են․ Հայկ Չոբանյան

2021 թվականը պետք է որոշակի առումով վերագործարկման տարի համարենք, որովհետև 2020 թվականը մեր բոլոր պլանները՝ զարգացման հետ կապված, խաթարեց և 2021 թվականին արդեն վերսկսել ենք ոչ միայն պետական համայնքային, ենթակառուցվածքային ծրագիրը, այլև մեր բանակցությունները՝ բոլոր ներդրումային հնարավորությունների հետ կապված։
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշեց, որ այս տարվա ընթացքում այն ծրագրերի ծավալը, որն իրենք նախատեսել են, դա 32 տոկոսով գերազանցում է 2020 թվականին փաստացի իրականացված ծրագրերին։

Ի թիվս այլ հարցերի, լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպիսի է տրամադրություններ են մարզում և արդյոք այնտեղ կա՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ 

Արձագանքելով՝ Տավուշի մարզպետն ասաց, որ մարզում աշխատանքային միջավայր է, մարդիկ զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքով, իսկ ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, ում են աջակցում և այլն, դա շատ չի տարբերվում նրանից ինչ որ կա ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։

«Ես չեմ փորձի քաղաքական գնահատական տալ, թե ժողովրդի որ մասն ինչ կարծիք ունի։ Դրա համար կա վիճակագրություն և կան իրականացված հարցումներ, եկեք հիմնվենք դրա վրա, բայց ես կարող եմ մարզում իրավիճակն իսկապես հանգիստ գնահատել, որևէ խաթարող հանգամանք չկա»,-ասաց մարզպետը։

Խոսելով նաև արտահերթ ընտրությունների մասին՝ Հայկ Չոբանյանն ասաց, որ ներկայումս Հայաստանում էմոցիոնալ և քաղաքական  ֆոնը գերակշռում է բովանդակային ֆոնին։

«Եվ դա հնարավորություն չի տալիս, որպեսզի մեր ջանքերը, մեր գործողությունները առավելագույնս օգտակար լինեն մեր երկրի զարգացման և մասնավորապես, 2020 թվականի արդյունքներով մեր տնտեսական, հոգեբանական սոցիալական ծանր վիճակից ոտքի կանգնելու համար։ Եվ այս քաղաքական ու էմոցիոնալ ֆոնի հաղթահարման ճանապարհներից մեկը արտահերթ ընտրություններն են։ Եվ հույսն ունեմ, որ իսկապես այդպես կլինի և մենք կհավաքվենք, համագործակցությունն ավելի շատ կլինի, աշխատանքն ավելի շատ կլինի։ Որովհետև իսկապես մեր երկիրը, մեր տնտեսությունը դրա կարիքն ունի, մեր անվտանգությունը, առավելևս, դրա կարիքն ունի»,-ասաց Հայկ Չոբանյանը։ ։