Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի պետական համակարգում 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել՝ ես ներողություն կխնդրեմ»․ Բաբկեն Թունյան

«Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի պետական համակարգում 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել՝ ես ներողություն կխնդրեմ»․ Բաբկեն Թունյան
Հայաստան
11:36, 07 апрель 2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նիստը սկսեց հիշեցմամբ, որ իր կողմից նիստերին մասնակցելու հրավեր է լինում նախագահի աշխատակզմի ներկայացուցիչներին, որպեսզի, եթե նախագահի աշխատակազմում օրենքի նախագծի շուրջ լինեն մտահոգություններ կամ վերապահումներ, ապա այդ մասին բարձրաձայնվի և քննարկվի հենց նիստի ժամանակ, մինչև քվերակությունը, որպեսզի նախագահի կողմից ստորագրելու հետ կապված խնդիրներ չառաջանան։

Թունյանն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ հանրահավաքներից մեկում հնչեցված հայտարարություններին, մեջբերելով վերջինիս ելույթից մի հատված, որտեղ Բագրատյանը նշել էր, որ հրապարակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները, որով յուրաքանչյուրի եկամուտը կազմում է վաթսուն հազար դոլար, ապա ավելացրել էր․ «Ինքը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, վարչապետի, պատգամավորների աշխատավարձերը, բայց պարգևավճար է տալիս ամեն ամիս։ Անցյալ տարի միայն դրա համար 120 միլիոն դոլար են ծախսել, բայց մենք դրանով մոտ 2000 հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել կամ 10 հատ ՏՈՌ համակարգեր, որոնցով կոչնչացնեինք հակառակորդի տարածքը»։

Բաբկեն Թունյանը նշեց, որ չի ուզում անդրադառնալ մնացած պնդումներին, թե ինչպե՞ս է Բագրատյանը հունվար-փետրվարը համեմատում տարվա հետ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեկ հավատում են վիճակագրական տվյալներին, մեկ՝ չէ, բայց անդրադառնալով իր մեջբերեած հատվածին, կապված պարգևավճարների հետ՝ Թունյանն ասաց, որ այս բոլոր պնդումները սուտ են։ Թունյանը նշեց, որ վարչապետի և ԱԺ նախագահի եկամուտների մասին տվյալները դեռ չի հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներում չկա նման ինֆորմացիա, 120 միլիոն դոլարի պարգևավճար 2020 թվականին պետական համակարգում չի եղել, պետական պարգևավճարները չեն տրվում միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ վերաբերվում է մոտ 20 հազար հոգու և այդ մանիպուլյացիան, որ այդ գումարով կարող էինք սա անել, նա անել, շատ վտանգավոր մանիպուլյացիա է։ «Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի պետական համակարգում 120 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել՝ ես ներողություն կխնդրեմ», - ասաց Բաբկեն Թունյանը։