Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվը բավական մեծ է, մարդիկ այժմ ավելի ծանր են տանում հիվանդությունը․ Առողջապահության նախարար

Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվը բավական մեծ է, մարդիկ այժմ ավելի ծանր են տանում հիվանդությունը․ Առողջապահության նախարար
Հայաստան
13:14, 12 апрель 2021
Եթե մեր երիտասարդները վարակվելու պարագայում հույս ունեն բավական թեթև անցկացնել հիվանդությունը, միևնույն է, պիտի հասկանանք, որ այն բավական լուրջ հիվանդություն է և առողջանալուց հետո  թողնում է դեռ շատ չուսումնասիրված հետևանքներ։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Նորից պիտի շեշտեմ, որ պատվաստումը այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ մենք, ի վերջո, այս համաճարակի էջը որոշ ժամանակ անց փակված համարենք», - նշեց նա։

Նախարարի խոսքով՝ մի շարք հանգամանքերով պայմանավորված, մարդիկ այժմ ավելի ծանր են տանում հիվանդությունը։ «Վերջին 1, 2 շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ։ Հիվանդության թվերի նվազում չունենք, ունենք կայունացում, բայց պետք է ասել, որ այն դրական թեստերի արդյուքները, որոնք գրանցվում են, դրանց մեջ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավական մեծ է»։

Այս պահին ծավալված է մոտ 2600 մահճակալ, առաջիկայում կա ևս մի փոքր հնարավորություն՝ ավելացնելու, սակայն նախարարը նշում է, որ ռեսուրսը անսահմանափակ չէ և պետք է ամեն ինչ անել, որ դրսում մնացած պացիենտներ չլինեն։
«Հիվանդությունը ունի բավական անկանխատեսելի ընթացք, և ինչքան էլ բժշկական օգնությունը տրամադրվի,ինչքան էլ,  առողջապահական համակարգը իր բոլոր ռեսուրսների գերլարումով սպասարկի պացիենտներին, այնուամենայնիվ մենք ունենք ծայրահեղ ծանր ընթացքի բավական համամասնություն և  հիվանդության հանդեպ վերաբերմունքը, զգոնությունը միանաշանակ պետք է», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ սրանով է պայմանավորված նաև մեր երկրում պատվաստման գործընթացի ճիշտ կազմակերպման կարևորությունը։

Պատվաստանյութերի   ձեռքբերման աշխատանքերի հետ կապված նախարարը նշեց, որ Հայաստանը երկու ուղղությամբ է աշխատում։ Ընթանում են միջազգային հարթակի՝   Covax Facility-ի միջոցով, տարվող  բանակցություններ, որի շրջանակներում կնքվում է առանձին արտադրողների հետ պայմանգրեր։

«Այս հարթակի միջոցով մեր առաջին կնքված պայմանագիրը Աստրա Զենեկայի արտադրության պատվաստանյութի ձեռքբերումն էր։ Այս պահին ավարատական փուլին ենք հասցնում  նաև Novavax պատվաստանյութի ձեռքբերումը, որը նույնպես այս շրջանակներում է կքնվել», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ բացի դրանից, երկկողմանի  բանակցությւններ են գնում, և կան պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության հետ․ «Արդեն իսկ կնքված մեր պայմանագրի արդյունքում Հայաստան է ժամանել 15000 դեղաչափը, որը նախատեսված է 7500 հոգու համար, և պետք է շարունակաբար այս խմբաքանակները ժամանեն»։

Ըստ  Ավանեսյանի՝ կա նաև Չինաստանի կառավարության կողմից նախնական համաձայնություն՝ դոնորության շրջանկներում Հայաստանին տրամադրել պատվաստանյութ, որը առաջիկայում  նույնպես կժամանի։
«Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ, որոնք պիտի օգտագործվեն մեր երկրում»։