Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան

«Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց». Անահիտ Ավանեսյան
Հայաստան
14:25, 11 апрель 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում «կայուն լարված է», ներկայումս հիվանդների 20%-ը՝ (3000-ից ավելի մարդ, հեղ.) միջին (մոտ 2400 մարդ), ծանր կամ ծայրահեղ ծանր (600 ավելի մարդ) վիճակում է, գրում է hetq.am-ը։

Այս պահին բուժում է ստանում կորոնավիրուս ունեցող ավելի քան 16 000 մարդ։ Օրվա կտրվածքով ազատ մահճակալներ քիչ են լինում. կան հիվանդներ, որոնք հերթագրվել և հոսպիտալացման են սպասում։

Վերջերս Հայաստան է ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ և 15 000 դեղաչափ՝ ռուսական «Sputnik V» (երկրորդ խմբաքանակն է, առաջինը՝ մոտ 2000 դեղաչափ)։ Վերջինս ներարկվելու է 2 դեղաչափով՝ 7500 հոգու, իսկ «AstraZeneca»-ն՝ մեկ դեղաչափով՝ 24 000 հոգու, այնուհետև նորից է ներկրվելու՝ երկրորդ դեղաչափը ներարկելու համար։ Թեև պատվաստանյութերը Հայաստանում գրանցված չեն, սակայն օգտագործումը թույլատրված է. դրանք կգրանցվեն հետագայում։ Այժմ պատվաստվել է մոտ 600 հոգի, հիմնականում՝ բուժաշխատողներ, բայց ցանկացնողներ շատ կան։ «Հաջորդ շաբաթվանից կիրականացվի պատվաստման լայնածավալ գործընթաց»,-հայտնում է նախարարը։


Կողմնակի ազդեցություններից և մահերից հետո (մահերի և պատվաստանյութի միջև կապը հաստատված չէ), վերջերս մոտ 20 երկիր (Ավստրիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռումինիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Թաիլանդը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը) ժամանակավորապես դադարեցրել էին «AstraZeneca»-ի կիրառումը, և Հայաստանում որոշ մարդկանց մոտ հակասական կարծիք էր ձևավորվել բրիտանական պատվաստանյութի վերաբերյալ։ Անահիտ Ավանեսյանը հորդորում է՝ «չգերագնահատել ռիսկերը», «չտրվել ապատեղեկատվություններին», քանի որ շատ բաներ «ոչ ճիշտ լույսի տակ» են ներկայացվում։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ «AstraZeneca»-ի արդյունավետության վերաբերյալ տվյալները 55-ից բարձր տարիքի շրջանում քիչ են, նախարարը նշում է, որ իրենք քննարկումներ են անցկացնում մասնագետների հետ և այս երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, կունենան եզրակացություն և հստակ ցուցումներ, թե որ տարիքային խմբերին են պատվաստելու «AstraZeneca»։
Ա. Ավանեսյանի խոսքով՝ ինքը միանաշանակ պատվաստվելու է, թե որ պատվաստանյութով՝ հայտնի չէ. որն այդ պահին իրեն հասանելի կլինի։

Այժմ բանակցություններ են վարում նաև այլ պատվաստանյութերի ձեռքբերման համար, և կան մի քանի առաջարկներ, որոնք վերջնական փուլում են, օրինակ՝ ամերիկյան Novavax-ի մասով։ Քայլեր են ձեռնարկվում նաև մասնավոր ընկերությունների կողմից պատվաստանյութերի ներկրման ուղղությամբ, որպեսզի այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի ռիսկային խմբում չեն, ևս պատվաստվելու հնարավորություն ունենան։ 

«Պետք է ամեն ինչ անենք, որ պատվաստումները հնարավորինս լայն շրջանակներին հասանելի լինեն»,-ասում է նախարարը։