Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունից ասում են՝ 44 օր ասում էիք՝ հաղթելու ենք, բայց չհաղթեցիք, բայց մենք 44 օր կռվում էինք հաղթելու համար․ Դավոյան

Այսօր ԱԺ քառօրյա հերթական նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն անդրադարձավ իր պատգամավոր գործընկերներից մի քանիսի խոսքերին․ «Իմ կարծիքով այս դահլիճի ընդդիմության ներկայացուցիչները երբևէ այսքան սնանկ չեն եղել, որքան հիմա։ 

Երբ երեկ մեր գործընկեր Տարոն Սիմոնյանը ելույթ ունեցավ և հեղինակային խոսքեր ասեց, ուզում եմ ասել՝ պրն Սիմոնյան, հավատացեք՝ մենք գնահատում ենք Ձեր ինտելեկտուալ կարողությունները, բայց դա Ձեզ իրավունք չի տալիս այս ամբիոնից հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով։ Դուք դա պետք է օգտագործեք Ձեր նեղ շրջապատում, հետո նոր ուրիշներին սովորեցնեք ճիշտ ապրել։ Կիրառեք Ձեր բացառիկ հմտությունները Ձեր խմբակցությունում»։

Այնուհետև Դավոյանն, անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի քննադատական խոսքերին, ընդգծեց․ «Ասում էիք, որ մենք 44 օր ասում էինք հաղթելու ենք, բայց չհաղթեցինք, բայց մենք 44 օր կռվում էինք հաղթելու համար, 44 օր ընկնում էինք հաղթելու համար, ցավոք դուք դա չհասկացաք»։

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն խոսքին, որ «Իմ քայլը» ծափահարում էր վարչապետին, որպեսզի ընտրացուցակում լավ տեղ զբաղեցնի՝ Արփի Դավոյանը հակադարձ հարց ուղղեց Մարուքյանին․ «Դուք Ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններո՞վ, հա՞»։