Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գեւորգյանը չի մեկնաբանում իր հրաժարականի պատճառը․ ԿԳՄՍՆ-ն առաջիկայում քայլեր կանի

ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գեւորգյանը չի մեկնաբանում իր հրաժարականի պատճառը․ ԿԳՄՍՆ-ն առաջիկայում քայլեր կանի
Հայաստան
18:31, 23 апрель 2021
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում լիազոր մարմնից՝ ԿԳՄՍՆ-ից, պահանջում է դադարեցնել ապակառուցողական գործունեությունը։

«Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները, ակնհայտ բացասական դիրքորոշում որդեգրելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նկատմամբ, ձեռնարկեցին մինչև օրս շարունակվող գործընթացներ, որոնք էական, շատ դեպքում անդառնալի վնաս են հասցնում Մայր բուհի հեղինակությանը` վտանգելով նրա բնականոն գործունեությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Խորհուրդը նշել է, որ ԵՊՀ-ի դեմ իշխանությունների բացասական մոտեցման բարձրակետը համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի հետ կապված ոդիսականն է, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի:

Այս հայտարարությունից շատ չանցած հրաժարականի դիմում ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։  «Շնորհավորեք ԵՊՀ-ին. ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն հրաժարականի դիմում է գրել, շուտով մենք կունենանք ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի ժ.պ.», - ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Civic.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց ԵՊՀ գիտխորհրդի մեղադրանքները եւ ասաց, որ նախարարը օրեր առաջ մեկնաբանել է ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը․ Մեր հարցին՝ ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում կարգավորել Մայր բուհում ստեղծված իրավիճակը, այն դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակաատարը հրաժարական է տվել եւ ԵՊՀ-ում փաստացի չկա ղեկավար մարմին, ասաց․ «Առաջիկայում նախարարությունը քայլեր կանի, կլինի պաշտոնական հայտարարություն»։

Civic.am-ը կապ հաստատեց Գեղամ Գեւորգյանի հետ, ով հրաժարվեց խոսել իր հրաժարականի պատճառների մասին եւ չմեկնաբանեց ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը ապրիլի 1-ին հերթական նիստն էր գումարել: Օրակարգում նաև ռեկտորի ընտրության հարցն էր, սակայն խորհրդի 32 անդամներից ներկա էին 14-ը, որի պատճառով նիստը տապալվեց, եւ ԵՊՀ-ն մեկ տարի անց ել շարունակում է մնալ առանց ռեկտորի։