Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատշաճ բժշկական օգնություն մատուցել չկարողանալու պատճառով Արցախում արձանագրված արցախցու մահվան պատասխանատուն նաև ԵԱՀԿ-ն է․ Կարեն Սարգսյան

Պատշաճ բժշկական օգնություն մատուցել չկարողանալու պատճառով Արցախում արձանագրված արցախցու մահվան պատասխանատուն նաև ԵԱՀԿ-ն է․ Կարեն Սարգսյան
Հայաստան
13:09, 17 январь 2023
«ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը միջազգային ճանաչված մանդատ ունի արցախյան հակամարտության կարգավորման, այնպես որ, այն իրոք աշխատանքային է, և քանի որ Ռուսաստանը չի կարողանում իր պարտականությունները կատարել արդեն այսքան երկար ժամանակ, ինձ թվում է, որ կարող ենք ակնկալել ինչ-որ քննարկումներ, որոնք նաև հաստատվեցին Ֆրանսիայի պատվիրակության այցի ժամանակ»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Վիեննա կատարած այցի մասին՝ ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։ 

Նշենք, որ Արարատ Միրզոյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ 
Կարեն Սարգսյանի խոսքով՝ անկախ Ադրբեջանի հայտարարություններից միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անգամ պատշաճ բժշկական օգնություն մատուցել չկարողանալու պատճառով Արցախում արձանագրված արցախցու մահվան պատասխանատուն նաև ԵԱՀԿ-ն է։ «Սա այն հայտնի խոսքն է՝ պատասխանատու են, բայց մեղավոր չեն, ուղղակի միջազգային կազմակերպությունների տեսանկյունից այդ պատասխանատուն բավարար է, որպեսզի այնտեղ լրջագույն գործընթացներ սկսեն»,- ասաց փորձագետը։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման մասին՝ սոցիոլոգն ասաց, որ այս հարցում նաև Ֆրանսիայի դերակատարումն է շատ բարձր, որովհետև Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որը միջուկային ակումբի անդամ է, զենքի տեսանկյունից և տարածաշրջանում իրենք սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ։
 
«Այնպես որ, կարող եք վստահ լինել, որ չորս ամսվա ընթացքում, երբ գալիս են երկրորդ դեմքերը, չմոռանանք՝ Նենսի Փելոսի և Յաել Բրոն-Պիվեն, նշանակում է, որ թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի տեսանկյունից այն աշխատանքային է։ Մարդիկ սխալ պատկերացում ունեն, իրենց թվում է, որ առաջին դեմքերն են գալիս՝ դա կարևոր է, բայց առաջին դեմքերը  հիմնականում  մեծ, երկարաժամկետ, ռազմական ինչ-որ բաների մասին են քննարկում. երբ գալիս են այն մարդիկ, ովքեր օրենսդրական մարմնի ներկայացուցիչ են, նշանակում է, որ խնդիրն արդեն աշխատանքային դաշտում է։ Որովհետև օրենսդրականը միշտ ընտրված է, և շատ ավելի նուրբ՝ հասարակական կարծիքին է վերաբերում։ Տեսեք, թե ինչպես են ակտիվացել ամերիկյան ԶԼՄ-ները Լաչինի միջանցքի վերաբերյալ։ ԱՄՆ-ն նույնպես ԵԱՀԿ ՄԽ անդամ է, այնպես որ, գործընթացը նորմալ է»,- ասաց Կարեն Սարգսյանը։

 Խոսելով Արցախի ներքաղաքական տարաձայնությունների մասին՝ Կարեն Սարգսյանն ասաց, որ, իր կարծիքով, Արցախի այս նուրբ, մանր-մունր խնդիրները Հայաստանի լրատվական դաշտ մտցնելը  ռուսական հատուկ ծառայությունների հերթական օպերացիան է։ Նրա խոսքով՝ ամբողջ լրատվական դաշտը հիմա լցված է նրանով, թե երկու ռուսամոլ ինչ են իրար հետ խոսում. խոսքը Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի մասին է։ 

«Ամեն ինչ նորմալ է, իրենք իրար մեջ իրենց հարցերը կլուծեն։ Ոչ մի բան չեղավ։ Դրա արդյունքն այն էր, որ ստվերվեց ամբողջ ֆրանսիական պատվիրակության այցը, այցի ամբողջ ընթացքում մարդիկ այդպես էլ չհասկացան, թե ով էր եկել, ինչու էր եկել»,- ասաց Կարեն Սարգսյանը։