Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին գյուղական ամբուլատորիաներում ունենք առաջին անհրաժեշտության դեղերի դեֆիցիտ․ Սրբուհի Գրիգորյան

Այս պահին գյուղական ամբուլատորիաներում ունենք առաջին անհրաժեշտության դեղերի դեֆիցիտ․ Սրբուհի Գրիգորյան
Հայաստան
15:02, 30 апрель 2021
«Բավական երկար ժամանակ ունեինք ծնունդների նվազում, հետո նվազման տեմպի դանդաղում, իսկ 2020թ․առաջին անգամ երկար տարիների ընթացքում ունեցել ենք 211 ծնունդով ավել»։ Այս մասին այսօր՝  ապրիլի 30-ին, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Խոսելով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու ծրագրի մասին՝ նախարարը նշեց, որ երբ մեկնարկեց այդ ծրագիրը, միայն 38 սահամանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար էր,  իսկ հիմա շրջանակն ընդլայնվել է՝ 184 բնակվայրերից կարող են դիմել․ «Այս ծրագրին դիմում են նաև այլ շահառուներ, օրինակ՝  զինծառայողների ընտանիքները, պատերազմից հետո շահառուների ցանկը կրկին ավելացավ՝ արցախում զավակ կորցրածներն են դիմում նաև, Արցախի հանրապետությունից նույնպես կարող են դիմել։ Այս ծրագրով արդեն 79 երեխա է ծնվել սկսած 2019թ․-ից»։ 

Ներկայացնելով առողջապահության ոլորտի 2022թ․ բյուջետային նախնական հայտը Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պոլիկլինիկաներից անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի ստացման շրջանակն ընդլայնվում է, հետևաբար նաև բյուջեն։

ԼՀԿ խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին գյուղական ամբուլատորիաներում ունեն առաջին անհրաժեշտության դեղերի դեֆիցտի՝ օրինակ ճնշման դեղի, և գյուղաբնակիչներն ունեն այդ դեղերի կարիքը․ «Այս ընթացքում ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ 

Ի պատասխան այս հարցի՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գյուղական ամբուլատորիաները սակավ թվով են ձեռք բերում դեղեր, և տենդերները ոչ միշտ են ճիշտ ժամանակին կայանում, մատակարարներն էլ ոչ միշտ են հայտ ներկայացնում մասնակցության․ «Հարցը լուծելու տարբերակներ ենք մտածել, որ լինեն դեղերի մեծ քանակներ, ավելի լավ գնման պայմաններ, բայց «Վարչական», «Գնումների» մասին օրենքներով նախատեսված որոշ դրույթներ լուրջ խոչընդոտ են հանդիսանում համակարգելու համար»։ 

Նախարարը այս խնդրի որպես կարճ լուծման ճանապարհ՝ առաջարկեց պատգամավորին՝ նշել տվյալ բնակավայրի պոլիկլինիկայի անունը, որպեսզի դեղերի որոշակի խմբաքանակ տրամադրվի՝ նախքան հարցի հիմնական լուծումը։ 

Անահիտ Ավանեսյանի խոսքով ներկայումս շարունակվում է Առողջապահության նախարարության ավտոպարկի թարմացումը, և գրանտային ծրագրի շրջանակում առաջիկայում շտապօգնության ավտոմեքենաներ են ստանալու։