Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր իրավական ուժ ունի Ադրբեջանի համար. Վարչապետը՝ Դատարանի որոշման քաղաքական նշանակության մասին

«Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանը երեկ Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»,- այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ սա չափազանց որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանն անդրադարձել են մասնագետ իրավաբանները:

Խոսելով այդ որոշման քաղաքական ազդեցության և նշանակության մասին՝ վարչապետն ասաց, որ Դատարանն արձանագրեց, որ 2022թ.  դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է, մինչդեռ Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ. «Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Երկրորդ՝ Դատարանը արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը: Հաջորդը՝ Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանւի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի ԼՂ, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»:

Վարչապետի խոսքով՝ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, և ԼՂ-ի ու շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:

«Դատարանը հաստատեց նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: