Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ սպասել Լաչինի միջանցքի հարցում Հաագայի դատարանի որոշումից. ակնկալվում է, որ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը կհրապարակվի այս ամիս

Ի՞նչ սպասել Լաչինի միջանցքի հարցում Հաագայի դատարանի որոշումից. ակնկալվում է, որ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը կհրապարակվի այս ամիս
Իրավունք
17:15, 03 февраль 2023
Հույս ունենք, որ Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը այս ամսվա մեջ կհրապարակի։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ 

Նշենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը Լաչինի միջանցքում դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը, որոնք արգելափակում են բնակիչների ազատ տեղաշարժը, ինչպես նաև ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը։ Հայաստանը պահանջում է նաև, որ Ադրբեջանը անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։

Ի՞նչ կփոխի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, եթե այն Հայաստանի օգտին լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռները դեռևս ի կատար չեն ածվել Ադրբեջանի կողմից՝ այսպես ասած, տարիներով մնացել են թղթի վրա։ 

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ ՄԻԵԴ վճիռները իրենց դրական ազդեցությունն ունեցել են և իրավական, և քաղաքական առումով. «Եվրոպական դատարանի վճիռները նաև այս դատարանում քննվող գործերով նախադատելի են, այսինքն՝ դրանք անվիճելի փաստեր են հանդիսացել։ ՄԻԵԴ վճիռներով հաստատվել են խախտման փաստերը՝ հենված ազգային պատկանելության վրա, հաստատվել են խոշտանգումներ, գերության փաստեր, գերիներ են վերադարձվել հայրենիք, աճյուններ են վերադարձվել»։ 

Արտակ Զեյնալյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը ոչ միայն ՀՀ քաղաքացիների կողմից տրված դիմումների հիմքով կայացված ՄԻԵԴ վճիռներն է վատ կատարում, այլև իր քաղաքացիների. «Հայկական կողմը՝ պետական մարմինները, հայկական միջազգային կառույցները, քաղաքացիական հասարակությունը, պետք է ջանքերը բազմապատկի, որպեսզի դատական ակտերն ավելի լավ կատարվեն»։ 
Հաագա քաղաքում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է։ Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հիման վրա կարող է ընդունվել ՄԱԿ ԱԽ որոշում՝ գործը կարող է գնալ լիագումար նիստ։ 

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը դեռևս պետք է քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Կարող է նաև Ադրբեջանը ձեռնամուխ լինել այդ վճռի կատարմանը մինչև ՄԱԿ ԱԽ նիստ գնալը։ Նախորդ քննարկման ժամանակ, երբ Արդարադատության միջազգային դատարանում բարձրացվում էր ռազմավարի պուրակի հարցը, Ադրբեջանը մինչև դատական ակտի կայացումը հեռացրեց հայ զինվորների մանիկեններն այդ պուրակից»։

Հարցին՝ եթե Ադրբեջանը ձեռնամուխ չլինի Արդարադատության միջազգային դատարանի վճռի կայացմանը, ի՞նչ ակնկալենք ՄԱԿ ԱԽ-ից, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «ՄԱԿ ԱԽ-ում կընդունվի որոշում դրա հիման վրա, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, ինչպես նաև ՄԱԿ մեխանիզմներ կարող են կիրառվել»։ 

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը մեզ հետ զրույցում ևս ընդգծեց, որ Ադրբեջանի վրա հարկադրանքը ՄԱԿ ԱԽ-ի միջոցով է իրականացվելու, սակայն նրա դիտարկմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն Հայաստանի դեպքում չի աշխատում: «Հետևաբար բացառված չէ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը ձգձգի Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից որոշումը կամավոր չկատարելու դեպքում հարկադրելու իրավունքը ՄԱԿ ԱԽ-ինն է, սակայն մեր դեպքում ՄԱԿ ԱԽ-ն չի աշխատում»,- ասաց նա ու շեշտեց, որ մշտական անդամ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, որևէ մեկը եթե վետո կիրառի, ապա Ադրբեջանին հարկադրելու գործընթացը չի իրականանա։ 

Նարա Մարտիրոսյան