Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանը գեներացնում է հակասահմանադրական գործընթաց․ 1in.am

Գագիկ Ծառուկյանը գեներացնում է հակասահմանադրական գործընթաց․ 1in.am
Հայաստան
11:49, 10 май 2021
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրին նման մոտեցումը պոպուլիստական է, ոչ մասնագիտական, ոչ իրավական և ոտնահարում է ՀՀ մյուս քաղաքացիների իրավունքները. «Ի՞նչ է նշանակում վարկերը ներել. Դա նշանակում է մարդկանց խրախուսել, որ նոր վարկեր վերցնեն՝ հուսալով, որ դրանք երբևէ կներվեն։ Բայց դա ինչպե՞ս է մարվելու։ Իհարկե պետական բյուջեի հաշվին։ Այսինքն իմ հաշվին, ձեր հաշվին, երրորդ քաղաքացու հաշվին։ Իսկ ինձ որևէ մեկը հարցրե՞լ է՝ ես համաձայն եմ, որ իմ հաշվին մարվի անպատասխանատու վարկառուների վարկերը։ Նման սխալ թույլ տվեց նաև Նիկոլ Փաշինյանը, երբ անմիջապես իշխանության գալուց հետո 13 միլիարդ դրամի տուգանք ներեց հեղափոխությանը մասնակցած օրինազանց վարորդների տուգանքները։ Եվ դա արվեց մեր հաշվին։ Էլ չասած, որ դրանով խրախուսվում է ոչ օրինապաշտ վարքագիծը, մարդկանց անպատասխանատվությունը, տզրուկի նման բյուջեից գումարներ գանձելու վարքագիծը։ «Բայց ամեն դեպքում եթե Ծառուկյանը նման ցանկություն ունի, թող  պետական բյուջե իր չվճարած հարկերից ների մարդկանց վարկերը, կամ իր բարեգործական հիմնադրամից թող մարի, իր թիմում առկա մյուս անբարեխիղճ, հակեր վճարելուց խուսափող բիզնեսմենների միջոցներով թող մարի, այլ ոչ թե պետական բյուջեից՝ օրինապաշտ հարկատուների հաշվին»,-ընդգծեց Արիստակեսյանը։

Բացի դա, տնտեսագետի խոսքով, բանկերը ևս չեն գնա դրան։ Բանկերը քաղաքացիներին արդեն վարկ տրամադրել են, այսինքն ծախս են արել և վսահաբար իրենց ակնկալվող  շահույթի հաշվին բարեգործություն չեն անի.«Այսինքն ինչպես էլ մտածում ենք, Ծառուկյանի հայտարարությունը անպատասխանատու, ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստական հայտարարություն է, որը բնորոշ է նախընտրական շրջանին։  Նման առաջարկը, խոստումը նաև հակասում է սահմանադրությանը։ Գագիկ Ծառուկյանը գեներացնում է հակասահմանադրական գործընթաց  և այդկերպ էլ բիզնես է իրականացնում երկրում»,-եզրափակեց Արիստակեսյանը։

Աղբյուր՝ 1in.am