Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր. Հարությունյանը՝ Շոյգուին

Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր. Հարությունյանը՝ Շոյգուին
Հայաստան
11:18, 20 май 2021
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների հետևանքով ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։

Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։