Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային շրջաններում տեղացած ձյան հետևանքով գյուղտնտեսություններին էական վնաս չի հասցվել, իսկ ջերմաստիճանի կտրուկ անկում առաջիկա տասը օրերին չի կանխատեսվում․ տեսանյութ

Մեզ հետ զրույցում Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն ասաց, որ Շիրակի մարզում գյուղական տնտեսությունները էական վնասներ չեն կրել։ «Այստեղ այգիները հիմնականում ծաղկման փուլում չէին ժամանակային առումով, իսկ աշնանացանը դե, բնականաբար, չի ցրտահարվում, գարնանացանն էլ էական վնասներ չի կրել։ Կարկտահարության մասով և՛ համայնքային հակակարկտային կայաններն են գործում, և՛ աշխատանքներ տարվում են, որպեսզի հնարավորության դեպքում օգտագործվեն։ Եվ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ Շիրակի մարզում ավելի շատ ցանքատարածություններ են ապահովագրվում հանրապետության  մեջ և հենց հիմնականում կարկտահարությունից են ապահովագրվում»,- ասաց Ռոման Համայակյանը։

Նշելով նախորդ տարվա տվյալները՝ Ռոման Համայակյանն ասաց, որ Շիրակի մարզում նախորդ տարի 1764 հեկտար ցանքատարածություններ են ապահովագրվել մարզի շուրջ 1300 շահառուների կողմից։ Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններից մեզ հայտնեցին, որ տեղացած ձյան հետևանքով ցրտահարությունների վերաբերյալ ահազանգեր դեռևս չունեն, սակայն ամփոփ տեղեկությունները կարող են  տալ մի քանի օրից։ Մենք զրուցել ենք նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ։

Վերջինս նշեց, որ մայիսի 3-ին դիտված ձյան տեղումները պայմանավորված էին Սկանդինավիայի շրջաններից ներթափանցած արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ, և հանրապետության բոլոր լեռնային մարզերում, այդ թվում՝ Լոռիում, դիտվեցին տեղումներ՝ ձյան տեսքով։

«Լեռնային գոտիներում ձևավորվել է 20-30 սմ ձնածածկույթ՝ ձյան տեղումներն ուղեկցվել են բավականին ցածր ջերմային ֆոնով։ Վերջին երեք օրերին հանրապետության գրեթե բոլոր լեռնային մարզերում գրանցվում են բացասական ջերմաստիճաններ՝ մինչև -4 աստիճան այսօր ունեցել ենք Աշոցքի հատվածում, -2 աստիճան՝ Գավառի հատվածում, -3 աստիճան՝ Ծաղկահովիտի հատվածում, Լոռիում ենք ունեցել բացասական ջերմաստիճաններ՝ 0-ից -3 աստիճան, բայց այսօր ցերեկվանից սկսած հանրապետությունում նկատվում է ջերմաստիճանի ինտենսիվ բարձրացում։ Այսօր և վաղը, ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-ից 7 աստիճանով, և հաջորդ ցիկլոնը սպասում ենք մայիսի 7-ին, այն կներթափանցի մայիսի 7-ին, մինչև մայիսի 10-ը ներառյալ մենք կգտնվենք այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Հատկապես գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 7-ից 10-ը սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանի խոսքով՝ օդի ջերմաստիճանի այդպիսի կտրուկ անկում առաջիկա տասը օրերին չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 9-ը կնվազի մոտ 3-5 աստիճանով, բայց արդեն բացասական ջերմաստիճաններ հանրապետության տարածքում չեն գրանցվի։ Գագիկ Սուրենյանը նաև տեղեկացրեց, որ տեղումները կլինեն անձրևի տեսքով, իսկ կարկուտ առանձին հատվածներում մայիսի 7-10-ը ընկած ժամանակահատվածում հնարավոր են։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան