Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՀԻ հարցումը ինձ համար վերջին ատյանի ճշմարտություն չէ. ՀՀ-ում ՌԴ դեսպանը` ՀՀ հասարակության` Ռուսաստանի վերաբերյալ կարծիքի մասին

«Մեր կարծիքով՝ այսօրվա դրությամբ այդ ջանքերը պետք է նպաստեն, որպեսզի իրագործվեն այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են մեր առաջնորդների հայտնի հայտարարությունների մեջ։ Հենց այս հիմքի վրա էլ մենք աշխատում ենք»,- այս մասին այսօր Հաղթանակ զբոսայգում, լրագրողների հետ զրույցում խոսելով Լաչինի միջանցքի և ԼՂ-ի մասին, ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Նա նշեց, որ ներդնում են շատ մեծ ջանքեր, որպեսզի այդ պրոցեսը առաջ շարժվի։ Դեսպանի խոսքով՝ հենց դրանում են իրենք տեսնում երաշխիք, որ չի լինի էսկալացիա, որ կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։

«Մենք պարբերաբար կողմերի հետ կապի մեջ ենք, ակտիվորեն առաջ ենք մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ծառայություններ ենք իրականացնում։ Եվ ես հույս ունեմ, որ շուտով Մոսկվայում տեղի կունենա հանդիպում։ Դուք գիտեք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն աշխատում է ԼՂ-ում, ներդնելով բոլոր ջանքերը՝ իրականացնում է իր առջև դրված առաջադրանքը, չնայած բոլոր խնդիրներին։ Մենք աշխատում ենք կողմերի հետ, որ զարկ տանք կարգավորման աշխատանքներին՝ բոլոր ֆորմատներում։ Ռուսաստանը բազմիցս ասել է և շատ  համառորեն կրկնում  է, որ մենք պատրաստ ենք կառուցողական համագործակցության այդ հարցում»,- ասաց դեսպանը։  

Պատասխանելով նաև հարցին, որ, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն, ՌԴ-ն Հայաստանի համար համարվում է երրորդ վտանգավոր երկիրը, դեսպանն ասաց, որ ինստիտուտի հարցումն իր համար վերջին ատյանի ճշմարտություն չէ։
Իսկ հարցին, թե Ուկրաինայում պատերազմն ինչպես կավարտվի, Կոպիրկինն ասաց՝ կավարտվի հաղթանակով։

Մանրամասները՝ տեսանյութում