Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին

Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին
Հայաստան
16:15, 20 июль 2023
Ակադեմիական քաղաք հիմնելու հայեցակարգը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

«Հայեցակարգի հիմքում դրված է բուհերի խոշորացումը։ Նախատեսված է ունենալ պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ։ Սահմանվել են հետևյալ ուղղությունները՝ դասական համալսարան, բժշկական, արվեստի, կրթական, սպայական, տեխնոլոգիական ուղղությամբ համալսարաններ։ Ակադեմիական քաղաքում կձևավորվեն կլաստերներ՝ կրթական-սպայական, արվեստի և տեխնոլոգիական»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։ Հայեցակարգում հստակ ժամանակացույց է սահմանվելու նախագծման, կառուցման, բուհերի տեղափոխամն փուլերի վերաբերյալ։ Ակնկալվում է, որ 2030 թվականին քաղաքը պատրաստ կլինի։

Այդ քաղաքում տեղակայվելու հնարավորություն է տրվելու նաև միջպետական համաձայնագրերով գործող մասնավոր բուհերին։ Լինելու է շուրջ 44 հազար մարդու համար նախատեսված ակադեմիական քաղաք։ Ակադեմիական քաղաքն ունենալու է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, Երևանից ապահովվելու են տրանսպորտային երթուղիներ։ Աշխատանքներն իրականացնելու, համակարգելու համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։

Ինչ վերաբերում է մարզերում գտնվող բուհերին, ապա Լուսինե Գրիգորյանը նշեց, որ դրանց ճակատագրի հարցը քննարկվում է։