Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգային միջավայրը, մասնավորապես այնպիսի տարածաշրջանում ինչպիսին է Հարավային Կովկասը, չի կարող լինել ստատիկ․ ռազմաքաղաքական փորձագետ

Անվտանգային միջավայրը, մասնավորապես այնպիսի տարածաշրջանում ինչպիսին է Հարավային Կովկասը, չի կարող լինել ստատիկ․ ռազմաքաղաքական փորձագետ
Հայաստան
13:01, 24 июнь 2021
«Անվտանգային միջավայրը, մասնավորապես այնպիսի տարածաշրջանում ինչպիսին է Հարավային Կովկասը, չի կարող լինել ստատիկ, չի կարող լինել որևէ կերպ ինքնաբավ, այն կարող է լինել փոփոխվող և մեծապես փոխկապակցված աշխարհաքաղաքական զարգացումների հետ և միջազգային անվտանգային միջավայրի հետ»,- այդ մասին այսօր «ՀՀ անվտանգային մարտահրավերները և Սահմանադրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմաքաղաքական ոլորտի փորձագետ  Արմինե Մարգարյանը։ 

Նրա խոսքով այն թե մեզ որքանով կհաջողվի՝ հաշվի առնելով այս իրողությունները ձևավորել գործոն և մեր արտաքին գործընկերների համար կանխատեսելի քաղաքականություններ, որը միաժամանակ ի վիճակի կլինի սպասարկել մեր պետական և ազգային շահը մեծապես պայմանավորված է պետության կողմից քաղաքական պլանավորում կազմակերպելու և այն կյանքի կոչելու հետ։ 

«Այս քաղաքական պլանավորման գործընթացում առանցքային նշանակություն ունի այն, թե որքանով ենք մենք կարողանում գրագետ և արհեստավարժ կազմակերպված ինստիտուցիոնալ հիմքի վրա հիմնված, խարսխված, համակարգում իրականացնել։ Այստեղ է, որ մենք ունենք բավականին լուրջ բաց»,- ասաց Արմինե Մարգարյանը։

Խոսելով անվտանգության խորհդի մասին՝ նա նշեց, որ դա այն մարմինն է, որտեղ քննարկվում են բոլոր սպառնալիքները, ռիսկերը, մարտահրավերները և մեր հնարավորությունները։

Փորձագետի խոսքով՝  այն մարմինը, որը լավագույնս պետք է տեղեկացված լինի այս ամեն ինչից այդ մարմինը պիտի նաև լավագույնս կարողանա մասնակցել այդ քաղաքական պլանավորմանը և իրականացնել այդ համակարգման գործառույթը։

«Ամենևին պարտադիր չէ, որ այդ մարմինն ունենա 50, 60, կամ 70 աշխատակից, կարող է լինել օրինակ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոն, որ ունենա 6-7 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ, չափազանց արհեստավարժ, պրակտիկ և տեսական գիտելիքների կրող կազմ, որոնք լավագույնս տեղեկացված լինելով, թե ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը, կկարողանան աշխատել բոլոր գերատեսչությունների հետ։ Ինչպես նաև կկարողանան աշխատել հանրային ոլորտի մասնագետների հետ, կկարողանան աշխատել նաև Սփյուռքում առկա կառույցների հետ կձևավորեն ընդհանուր պատկերացում այն բոլոր դիրքորոշումների վերաբերյալ, որոնք որ առկա են այս կամ այն ոլորտային գերատեսչությունում կամ մարմնում»,-ասաց Արմինե Մարգարյանը։