Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եգիպտոսը հրաժարվել է սահմանը բացել Գազայի հատվածից փախստականների համար. աղբյուր

Եգիպտոսը հրաժարվել է սահմանը բացել Գազայի հատվածից փախստականների համար. աղբյուր
Միջազգային
11:11, 12 октябрь 2023
Եգիպտոսի իշխանությունները ԱՄՆ-ի և այլ երկրների հետ քննարկել են Գազայի հատված հումանիտար օգնություն ուղարկելու հարցը, սակայն մերժել են փախստականների համար անվտանգ միջանցքներ ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրներին։

Անանուն աղբյուրից մեկի համաձայն՝ Եգիպտոսը հրաժարվել է անվտանգ միջանցքներ ստեղծել քաղաքացիական անձանց համար՝ պաշտպանելու «պաղեստինցիների՝ իրենց գործն ու հողը պաշտպանելու իրավունքը»։ 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Իսրայելի և Եգիպտոսի հետ խորհրդակցությունները շարունակվում են Գազայի հատվածից քաղաքացիական անձանց տեղափոխման վերաբերյալ, որոնք ռազմական գործողությունների սկսվելուց հետո հարձակման են ենթարկվել իսրայելական բանակի կողմից։ Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, այդ նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Գազայի հատվածից քաղաքացիական անձանց դուրսբերման ուղղությամբ Եգիպտոս տանող հարավային միջանցքով։