Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ակնկալում է ԵՄ ակտիվ մասնակցությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Խանդանյան

Հայաստանն ակնկալում է ԵՄ ակտիվ մասնակցությունը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Խանդանյան
Միջազգային
18:28, 21 март 2024
Հայաստանը նաեւ ակնկալում է Եվրոպական միության շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում այս մասին իր ելույթում ասել է Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն:

Խանդանյանը նախ շնորհավորել է ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ:

«Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ տեմպի առումով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերներին` այս առումով Հայաստանի կառավարության ջանքերն ու ձգտումները գնահատելու, ինչպես նաեւ մեր ժողովրդավարությանն ու անկախությանն անսասան աջակցելու համար»,-նշել է պատգամավորը:

Նա հավելել է, որ եվրոպական երկարաժամկետ քաղաքացիական մոնիտորինգի առաքելության տեղակայումը Հայաստանում ոչ միայն ամրապնդում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը, այլեւ ընդլայնում է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Պատգամավորը լավատես է, որ շուտով որոշում կկայացվի նաեւ Եվրոպական խաղաղության գործիքի հասանելիության վերաբերյալ:

«Մենք նաեւ ձգտում ենք հնարավորինս շուտ սկսել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը եւ հավատարիմ ենք մնում CEPA-ի շրջանակում աշխատանքի մեր մասի իրականացմանը, ինչպես նաեւ հաղորդակցության, էներգետիկ եւ այլ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Հայաստանը նաեւ ակնկալում է Եվրոպական միության շարունակական եւ առավել ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է նա:

Այդ կապակցությամբ պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել Եվրոպական խորհրդարանի կողմից մարտի 13-ին ընդունված բանաձեւի համար, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերին եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը: Ըստ նրա՝ այդ բանաձեւը ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների զարգացող դինամիկան եւ դրական տեղաշարժերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի ու բանակցությունների սկզբունքները:

Այս բանաձեւի 16-րդ հոդվածը հստակ ձեւակերպում է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն կարգավորման եւ ապագա խաղաղության համաձայնագրի հիմքում:

«Այդ սկզբունքները համաձայնեցվել եւ հաստատվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջին երկու տարիների բանակցությունների ընթացքում: Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառությունները հարաբերությունների շուտափույթ կարգավորման այս հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ խոչընդոտել խաղաղ գործընթացի առաջընթացին:

Չափազանց կարեւոր է ընդգծել, որ Ալմաթիի հռչակագրում ամրագրված սկզբունքներին հավատարմությունն առարկայական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար նշանակություն ունի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: