Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ

Վերսկսել աշխատանքները, խուսափել սադրանքներից. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ
Միջազգային
10:34, 08 декабрь 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից ու պահպանել հրադադարի մասին հայտարարութւյան կետերը, վերսկսել արտաքին գործերի նախարարների միջև  երկխոսությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, որը սկսվել է սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով ՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությանը նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:

Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց փոխգործակցությունը համանախագահների հովանու ներքո ՝ մարդասիրական հարցերում հստակ առաջընթացի հասնելու համար, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի, պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանության ուղղությամբ, և կառուցողական աշխատել այլ չլուծված հարցերի կարգավորամն համար, ինչպիսիք են սահմանագծման և սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ:

Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատում, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի է:

Համանախագահող երկրները կողմերին հորդորում են որքան հնարավոր է շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանք կարողանան տեղում անմիջապես գնահատել իրավիճակը, զգալի առաջընթացի հասնել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնության հասնել ապագա միջոցառումների օրակարգի շուրջ:

Նրանք նաև հայտնում են տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  շարունակական աշխատանքին իրենց վճռական աջակցության մասին եւ կողմերին կոչ անում լիարժեք համագործակցել նրա ջանքերի հետ: