Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընդլայնմանը՝ Ռուսաստանն այժմ չի կարող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներքո գործել Ուկրաինայում․ քաղաքագետներ

Չնայած ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընդլայնմանը՝ Ռուսաստանն այժմ չի կարող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներքո գործել Ուկրաինայում․ քաղաքագետներ
Միջազգային
18:12, 03 март 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 3-ին, Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Արձանագրությամբ սահմանվում է «համակարգող պետություն» հասկացությունը, և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ներգրավվելու համար։ Այս մասին հրապարակել է ՏԱՍՍ գործակալությունը և ընդգծել, որ արձանագրությունը ստորագրվել էր նախորդ տարվա սեպտեմբեր ամսին։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով արձանագրության վավերացման երկարատև գործընթացը և այնտեղ նշված «համակարգող պետություն» հասկացությունը՝ ընդգծեց․ «Ընդհանրապես վավերացումը բոլոր խորհրդարաններում երկար է տևում։ Իսկ այս արձանագրության վավերացմամբ՝ ՌԴ նախագահը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը կոնսոլիդացված է և ՀԱՊԿ-ում ինքը առաջին «ջութակն» է»։ 

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը դեռևս արձանագրությունը ստորագրելիս գիտեր, որ պատերազմական գործողություն է սկսելու Ուկրաինայի դեմ, և պատահական չէ, որ ընդունել ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեությունն ընդլայնող որոշումը․ «Այդ շրջանում Ռուսաստանը կարծում էր, որ կկարողանա ՀԱՊԿ-ի զորքերը մտցնել Ուկրաինա։ ՌԴ նախագահը չէր պլանավորել Ուկրաինայի դեմ հակամարտությունում լինել հակամարտող կողմ, պատերազմող կողմը Դոնբասի ժողովրդական հանրապետությունները միայն պետք է լինեին»,-նշեց Ստեփան Սաֆարյանն ու հավելեց, որ իրադրություններն այլ ուղղությամբ զարգացան։  

«Բայց հիմա արդեն ՄԱԿ-ի դիրքորոշումը հայտնի է։ Եթե անգամ ՄԱԿ-ը որոշում ընդունի Ուկրաինայում խաղաղապահ առաքելության իրականացման մասին, ապա թույլ չի տա Ռուսաստանին ներգրավվել, որովհետև պատերազմի նախաձեռնող ու շարունակող կողմը Ռուսաստանն է։ Ռուսաստանը հիմա չի կարող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներքո գործել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքագետ Վահրամ Հովյանն էլ ընդգծեց, որ ներկա պահին ռուս-ուկրաինական հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու խնդիր չկա օրակարգում․ «Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ այդ արձանագրության վավերացումը կապ չունի ուկրաինական հակամարտության հետ։ Իսկ թե ինչու է այս պահին վավերացվում՝ կարելի է 2 բացատրություն տալ։ Առաջինն այն է, որ գործնականում ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում փորձ է արվում ՀԱՊԿ առաքելությունը ընդլայնել և դուրս բերել զուտ ՀԱՊԿ երկրների սահմաններից՝ այն ծավալելով նաև այլ երկրներում։ Ինչպես ցույց տվեցին Ղազախստանում վերջին իրադարձությունները, ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, և եթե մի կառույց իր արդյունավետությունն ապացուցել է՝ ապա նրա ներուժը կարող է օգտագործվել նաև ՀԱՊԿ-ի շրջանականներից դուրս»,-ասաց քաղաքագետն ու նշեց, որ երկրորդ տարբերակը՝ զուտ տեխնիկական իրավիճակով է պայմանավորված՝ ընթացակարգային գործերը հանգեցրել են նրան, որ այս պահին է այդ արձանագրությունը վավերացվում։ 

Վահրամ Հովյանն ի տարբերություն Ստեփան Սաֆարյանի՝ չի կիսում այն տեսակետը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախապես էր պլանավորել Ուկրաինայի դեմ  պատերազմը, բայց այլ ֆոնի ներքո՝ այսինքն ՌԴ-ն պետք է լիներ ոչ թե պատերազմող կողմ, այլ խաղաղապահ առաքելություն իրականացնող։ 

«Դոնբասի ժողովրդական հանրապետությունների հնարավորությունները սահմանափակ են, նրանք չէին կարող Ուկրաինայի դեմ այդպիսի մեծամասշտաբ գործողություններ իրականացնել՝ հակառակը նրանք Ռուսաստանից էին օգնություն խնդրում։ Ռուսաստանին էին դիմում, որպեսզի ճանաչի իրենց անկախությունը, այնուհետև պաշտպանի իրենց Ուկրաինայից։ Ուկրաինայի դեմ մեծամասշտաբ ռազմական գործողություն կարող էր իրականացնել Ռուսաստանը և նախագահ Պուտինը չթաքցրեց դա»,-եզրափակց Վահրամ Հովյանը։

Նարա Մարտիրոսյան