Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է թուրքական ռազմական ավիացիայի սադրանքներն իր օդային տարածքում

Հունաստանի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է թուրքական ռազմական ավիացիայի սադրանքներն իր օդային տարածքում
Միջազգային
18:50, 28 апрель 2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի խստորեն դատապարտել է թուրքական ռազմական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտումները եւ տեղեկացրել է այդ մասին ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին։

Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ արտգործնախարարության գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը նոր ինտենսիվ բողոք է հայտնել Թուրքիայի դեսպանին՝ Հունաստանի օդային տարածքի` մեկ օրվա ընթացքում աննախադեպ քանակի խախտումների եւ թռիչքների հետ կապված, այդ թվում՝ մի շարք տարածքների, որոնցում բնակչություն կա։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Թուրքիայի շարունակական սադրիչ եւ հանցավոր պահվածքը՝ Հունաստանի ինքնիշխանության խախտմամբ, ամբողջությամբ դատապարտելի եւ անընդունելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «բացի ակնհայտ փաստից, որ սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, այդ գործողությունները, որոնց պատասխանատվությունը կրում է միայն Թուրքիան, առանձնակի լարվածության մթնոլորտ են ստեղծում երկու երկրների հարաբերություններում, ինչը հակասում է այդ մթնոլորտի բարելավմանն ուղղված ջանքերին»։ «Միեւնույն ժամանակ նրանք խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունը հատկապես կարեւոր պահին լայն տարածաշրջանում: Հունական կողմն անմիջապես տեղյակ է պահել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿԱՕ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին»,- եզրափակել են ԱԳՆ-ում։
 
Սա Հունաստանի արտաքին գործերի նախարարության արդեն երկրորդ դեմարշն է երկու օրվա ընթացքում։ Չորեքշաբթի Հունաստանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն էր հայտնել Թուրքիայի դեսպանին հունական կղզիների վրայով թուրքական կործանիչների թռիչքի դեմ, հայտնել էր Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։