Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական ավիահարվածներից հետո Իրաքը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար

Թուրքական ավիահարվածներից հետո Իրաքը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար
Միջազգային
18:12, 25 июль 2022
Հուլիսի 20-ին Իրաքի հյուսիսային Դահուկ նահանգի Զահոյի շրջանում գտնվող առողջարանային համալիրի ուղղությամբ Թուրքիայի օդուժի կողմից հասցված հրթիռային հարվածների շուրջ շարունակվում են ներհասարակական բուռն արձագանքները: Հիշեցնենք, որ այդ հարվածների հետևանքով զոհվել էին 8 զբոսաշրջիկներ և վիրավորվել 20-ը:

Իրաքի վարչապետ և բանակի գերագույն գլխավոր հրամանատար Մուստաֆա ալ-Քադհիմին ու իր կառավարությունը հայտարարեցին Թուրքիայի դեմ դիվանագիտական ճակատում մաքսիմալ արձագանքի և քննադատության մասին: 
Թուրքիան, որը իր գործողությունները բացատրում է Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարով և հղում կատարում դեռ Սադդամ Հուսեյինի արտգործնախարար Թարիք Ազիզի հետ 1984 թվականին կնքված պայմանագրերի վրա, որոնց համաձայն՝ իրավունք ունի քրդերի դեմ պայքարի համար 5 կիլոմետր խորությամբ մտնել Իրաքի տարածք, կտրականապես հերքում է ալ-Քադհիմիի կառավարության կողմից հնչեցրած բոլոր մեղադրանքները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում էր. «Թուրքիան դեմ է խաղաղ բնակչության վրա ցանկացած հարձակման: Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում է միջազգային իրավունքի համաձայն՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների, պատմամշակութային արժեքների պաշտպանությանը։ Ենթադրվում է, որ նման հարձակումները, որոնք գալիս են ահաբեկչական կազմակերպության կողմից, ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի արդար և վճռական դիրքորոշման դեմ»:
Իրաքի ԱԳ նախարարության խոսնակ խոսնակ Ահմադ ալ-Սահհաֆը, արձագանքելով Թուրքիայի մերժողական դիրքորոշմանը, հայտարարել էր. «Իրաքի պետության պատմությունը հաստատում է, որ Անկարան կանգնած է հարձակման հետևում, որն առաջինը չէ և տեղի է ունենում շարունակական հարձակումների շարքով: Թուրքիայի կողմից պատասխանատվությունից հրաժարվելը հիվանդագին կատակ է, որը չի ընդունի իրաքյան դիվանագիտությունը»:

Իրաքի պաշտպանության նախարար Ջմահ Էնադն էլ սաուդյան ալ-Արաբիա ալ-Հադաթ լրատվականին այսօր՝ հուլիսի 25-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պատերազմը շահարկել է Իրաքի խորքերը ներթափանցելու համար և ներկայումս մեկ բրիգադի չափ ուժեր ունի իրաքյան տարածքում։ Հաջորդիվ նախարարը նշել էր, որ «Թուրքիան չի արձագանքել Զելիքան ճամբարից իր զորքերը դուրս բերելու Իրաքի կոչերին […]Մեզ զարմացրեց վերջերս տեղի ունեցած ռմբակոծությունը, որի մեզ հետ չեն համաձայնեցրել։ Բաղդադն առաջարկել է Անկարայի հետ համակարգման կենտրոններ ստեղծել Դիար- Բաքրում և Մոսուլում»:

Սակայն Իրաքի կառավարության արձագանքները ոչ միայն երկրի ներսում չեն հանգստացրել հասարակության շրջանում առաջացած լարված իրավիճակը, այլ ավելին՝ հուլիսի 20-ի ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թաղման արարողությունների ժամանակ, որին ներկա էին վարչապետ ալ- Քադհիմին, ԱԳ նախարար Ֆաուդ Հուսյեինը և Քուրդիստանի ինքնավար շրջանի նախագահ Նաչիրվան Բարզանին, հանգեցրել էին բախումների ոստիկանական ուժերի հետ:

Բաղդադում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարները Իրաքի կառավարությանը կոչ են արել անել ավելին, քան հարձակումը դատապարտող հայտարարություններ
հնչեցնելը և այրել Թուրքիայի դրոշները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանելով ահաբեկիչ:
Ավելին, սոցիալական ցանցերի իրաքյան տիրույթում թուրքական արտադրանքը բոյկոտելու կոչեր են հնչել:
Իրաքյան հասարակական շրջանակներում դժգոհության աճի մասին է խոսում նաև հուլիսի 24-ին անհայտ խմբավորման կողմից Մոսուլից հյուսիս՝ Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական հենակետի ռմբակոծությունը:

Խնդրի սրության մասին է վկայում նաև Իրաքի Զինված ուժերի ցամաքային զորքերի գեներալ Քասեմ Ալ-Մուհամմադիի հայտարարությունը, որտեղ նա խոստացել է պաշտպանել Իրաքի սահմանները և ուժեղացնել անվտանգության ստորաբաժանումները Քրդստանի սահմաններում: Հատկանշական է, որ նման հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Իրաքի կառավարությունը սահմանային շրջաններում հավելյալ ուժեր տեղակայելու կամ զորքերը մարտական պատրաստվածության բերելու մասին որևէ որոշում չի ընդունել: 
Նշենք, որ Իրաքի և Թուրքիայի սահմանները հատվում են Իրաքի կազմում գտնվող Քուրդիստանի ինքավար կազմավորման հյուսիսային շրջաններում, որտեղ սակայն սահմանային անվտանգությունն ապահովում են իրաքյան սահմանապահ ուժերը, բայց ոչ բանակային հիմնական ստորաբաժանումները: 

Նման հանգամանքում ցամաքային զորքերի գեներալի՝ նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հստակ կոչ՝ ուղղված Իրաքի կառավարությանը զորքեր տեղակայել Քուրդիստանի Թուրքիայի հետ սահմանային շրջաններում:
«Իրաքի ուժերը կարող են ապահովել սահմանները, կանխել ցանկացած ներթափանցում և պաշտպանել իրաքյան հողերը: Իրաքյան սահմաններն ապահովված են ուժեղ և բարձր պատրաստվածությամբ գործող ուժերի կողմից: Մեր ուժերը տեղակայված են բոլոր սահմաններին […] կան լայնածավալ միջոցներ, որոնք կձեռնարկվեն, որպեսզի կանխվեն սահմաններից այն կողմ ցանկացած ներթափանցման փորձերը»,- ասել էր գենրալ ալ-Մուհամմադին։

Առավել քան հստակ էր Իրաքի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Ռաշիդ Յարալլահի՝ շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունները, որոնք նա արել էր Իրաքի խորհրդարանում անցկացված արտահերթ նիստի ընթացքում:
Գենրալը Ռաշիդ Յարալլահին իր խոսքում նշել էր. «Ես անկեղծորեն կխոսեմ ժողովրդի ներկայացուցիչների առջև, Հյուսիսային Իրաքում թուրքական ուժերի հինգ հիմնական բազա կա, որոնք իրենց մեջ ներառում են ավելի քան 4000 թուրք մարտիկներ»:
Հաջորդիվ ավելացնելով, որ Իրաքի հյուսիսային Զահո, Ամադիա և Դոհուկ շրջաններից ոչ հեռու  գտնվող թուրքական բանակի տեղակայման վայրերը համեմատած 2021 թվականի հետ ընդարձակվել են և 40-ից հասել են 100-ի կառավարությանը հստակորեն կոչ էր արել Իրաքի բանակի և քրդական ինքնավարության «փեշմերգա» կոչվող ուժերից ստորաբաժանումներ ուղարկել այդ շրջաններ՝ թուրքական ուժերին առաջխաղացման կամ հրետանի տեղակայելու հնարավորություն չտալու համար։

Նույն այս հայտարարությունների ֆոնին Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնն էլ խորհրդարանում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաջորդ երեքշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրաքի դեմ թուրքական հարձակումները։
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 20-ին Իրաքի կառավարության նիստում վարչապետ ալ-Քադհիմին ՄԱԿ-ում այս հարցը բարձրացնելու հանձնարարականներ էր տվել երկրի արտգործնախարարությանը:

«Արձանագրվել է ավելի քան 22,700 թուրքական խախտում Իրաքի ինքնիշխանության դեմ, և ԱԳՆ-ն ներկայացրել է 296 բողոքի հուշագիր թուրքական միջամտության վերաբերյալ, և դրանք ներառվել են Թուրքիայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բողոքում»,-իր խոսքում նշել էր Ֆուադ Հուսեյնը:

Սակայն ինչպես երևում է, Իրաքի խորհրդարանի պատգամավոր Էբթիսամ ալ-Հիլլի իրքայան «ալ-Շաֆաք» լրատվականին խորհրդարանի արտահերթ նիստի մանրամասների մասին հայտնած տեղեկություններից իրաքյան բանակի և կառավարության միջև առաջացել է խորը անջրպետ: Պատգամավորի խոսքերով՝ եթե գլխավոր շտաբի պետը կոչ էր անում Իրաքի հյուսիսում ուժեր տեղակայել, ապա պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պնդել էին, որ ներկա պահին երկիրը Թուրքիային ռազմական պատասխան տալու բավարար կարողություն և միջոցներ չունի: Իրաքի կառավարության դիրքորշումը թույլ է համարվում նաև իրաքյան շիա հոգևորականների և հասարակական կազմակերպությունների ղեկավարությունների կողմից:

Ընդգծենք, որ Իրաքում 2014 թվականից ահռելի տարածքներ զավթած «Իսլամական պետության» դեմ տարած հաղթանակից հետո հասարակության ներսում մեծացել է բարձրաստիճան զինվորականների հեղինակությունը: Ուստի զինվորականների կողմից թուրքական սահմանին պաշտպանական միջոցառումներ նախաձեռնելու կոչերը ուղիղ համընկնում են հասարակական տրամադրությունների հետ:
Հավանակնությունը մեծ է, որ եթե կառավարությունը չգնա համապատասխան լուծումներ գտնելու ուղով, ապա  մոտ ապագայում Իրաքը կներքաշվի լուրջ ներքաղաքական խնդիրների մեջ, այդ թվում և կարելի է սպասել ռազմական հեղաշրջման փորձի:

Աղբյուր՝ newarmenia.am