Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020-ին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի խնդիրների վրա. ՀՀ վարչապետի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին

Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտել, մարտահրավերները, որոնք արդեն երկար ժամանակ կան մեր տարածաշրջանում, սրվում են՝ հատկապես երբ միջազգային հանրության և անվտանգության հարցերով ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնանում է այլ խնդիրների վրա:

Փաշինյանի խոսքով՝ տվյալ դեպքում այն մեծապես կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա, և կա հստակ մտավախություն, որ դա կարող է բերել անկայունության մեր տարածաշրջանում:

Ստեղծված իրավիճակը Հայաստանի վարչապետը համեմատել է 2020-ի հետ, ընդգծելով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը՝ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի ուշադրությունը ամբողջապես կենտրոնացած էր կորոնավիրուսի համավարակի խնդիրների ուղղությամբ:

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի վերահսկել տարածաշրջանում իրավիճակը, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ: Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

1lurer.am