Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցավ 37 հազարը

Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում անցավ 37 հազարը
Միջազգային
14:05, 14 февраль 2023
Թուրքիան ու Սիրիան ցնցած աղետալի երկրաշարժից անցել է մեկ շաբաթ։ Վերջին տվյալներով՝ երկու երկրներում ավելի քան 37 հազար մարդ է մահացել, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ՝ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ այն կարող է կրկնապատկվել:

Թուրքիայի աղետների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ երկրում զոհվել է 31 հազար 643 մարդ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 5 հազար 714-ի։

ՄԱԿ-ը հայտարարում է, որ տուժած շրջաններում ավելի քան 800 հազար մարդ լիարժեք սնվելու հնարավորություն չունի:

Երկրաշարժից տուժած Սիրիայի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես բացել երկու լրացուցիչ անցակետեր մարդասիրական օգնության համար, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ես ողջունում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այսօր ընդունած որոշումը Թուրքիայի և հյուսիս-արևմտյան Սիրիայի միջև երկու անցակետ բացելու վերաբերյալ՝ սկզբնական երեք ամսով», - ասվում է Գուտերեշի հայտարարությունում: - «Դա թույլ կտա մարդասիրական օգնությանը արագ տեղ հասցնել»։

Մինչ այժմ թուրք-սիրիական սահմանին միայն մեկ նման անցակետ է գործել։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն էր հանդես եկել Սիրիայի և Թուրքիայի միջև լրացուցիչ անցակետեր բացելու օգտին։