Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարիբաշվիլին աջակցել է ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված դատավորներին

Ղարիբաշվիլին աջակցել է ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված դատավորներին
Միջազգային
18:27, 10 апрель 2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «լիարժեք աջակցություն» է հայտնել վրացի դատավորներին՝ հայտարարելով, որ 2012 թվականին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատարանը «դարձել է անկախ և զերծ որևէ միջամտությունից»։

Ղարիբաշվիլին այսօր՝ ապրիլի 10-ին, Վրաստանի Գերագույն դատարանի շենքում հանդիպել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը նախորդել էր ԱՄՆ որոշումը՝ վիզային պատժամիջոցներ սահմանել վրացի բարձրաստիճան դատավորների նկատմամբ, որոնցից երեքը գործող են, մեկը՝ նախկին։ 

«Որպես կառավարության ղեկավար և իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ ես լիովին աջակցում եմ բոլոր դատավորներին։ Մեր կառավարման օրոք դատարանը դարձել է անկախ՝ զերծ որևէ միջամտությունից՝ ինչպես ներքին, այնպես էլ այլ երկրների կողմից։ Իհարկե, դատավորների վրա ցանկացած միջամտություն կամ ազդեցություն անընդունելի է։ Դա բացարձակապես անընդունելի է մեզ բոլորիս համար, հատկապես ինքնիշխան դատարանի և ինքնիշխան երկրի դատավորների։ Ես վստահեցրել եմ նաև հարգարժան դատավորներին մեր լիակատար աջակցությունը։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանենք դատարանի անկախությունը, դատարանի ազատությունը ցանկացած միջամտությունից, ճնշումից։ Սա մեր հռչակած քաղաքականությունն է և գլխավոր նպատակը, որին մենք ձգտում ենք մեր թիմի իշխանության գալուց հետո»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։