Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ձևական իմպիչմենթը մեկ նպատակով էր՝ ցույց տալ, թե համայնքապետին արդեն իսկ անվստահություն հայտնվել է և նորից հնարավոր չէ հայտնել. ՔՊ-ն կոչ է անում «Ապրելու երկիր»-ին միանալ իրենց ու անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետին

Այդ ձևական իմպիչմենթը մեկ նպատակով էր՝ ցույց տալ, թե համայնքապետին արդեն իսկ անվստահություն հայտնվել է և նորից  հնարավոր չէ հայտնել. ՔՊ-ն կոչ է անում «Ապրելու երկիր»-ին միանալ իրենց ու անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետին
Հարցազրույց
21:30, 01 декабрь 2023
Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը, ինչպես հայտնել ենք, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել և   ավագանու որոշման նախագծում համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրել  նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորած, Շնող համայնքի նախկին ղեկավար Դավիթ Ղումաշյանին։  Թամազյանին անվստահություն հայտնելու պատճառների մասին civic.am-ը զրուցել է Դ. Ղումաշյանի հետ։ 

- Պարոն Ղումաշյան, կասե՞ք, թե ինչու որոշեցիք անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին։ Ի՞նչն է, որ չի գոհացնում ձեզ համայնքի կառավարման գործում։ Արկադի Թամազյանն, օրինակ, մի քանի ամիս առաջ կայքերից մեկի հետ զրույցում ՔՊ-ին էր մեղադրել ավագանու ներսում ինտրիգներ հրահրելու, իրենց խմբակցությունից «մարդ գողանալու»,  կաշառելու, ամեն գնով Ալավերդի համայնքի զարգացմանը խոչընդոտելու համար։ Նա նշել էր նաև, որ համագործակցությունը ձեզ հետ ոչ մի կերպ չի ստացվում։  

- Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ասվածը  մերկապարանոց, անհիմն մեղադրանք է։  Ինչ է նշանակում՝ «մարդ գողանալ», էս ո՞ր  թիվն է, որ «մարդ գողանան»։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ մենք նման քաղաքականություն չենք վարում՝ մարդ գողանալու, մենք ընդամենը համագործակցում ենք ավագանու այն անդամների հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ աշխատել, համագործակցել։ Ընդամենը դա։ Իսկ իրենք, երբ փորձում են նույն ՔՊ-ի ներկայացուցիչների հետ գործակցել, քաշել իրենց դաշտ, դա ինչ է, մարդ գողանա՞լ է նշանակում։ Եթե դա մարդ գողանալ է, ուրեմն առաջինն իրենք են սկսել։ Դա մարդ գողանալ չի, այլ՝ համագործակցություն, ընդդիմությունը ցանկանում է դառնալ իշխանություն։ Եթե «Ապրելու երկիր» խմբակցության իրենց նախկին թիմակիցը, որը նախընտրական ցուցակի երկրորդ համարն էր, ոչ թե, ասենք, 68-րդը, մասնակցել է իրենց կառավարմանը, ունի անհամաձայնություն համայնքի ղեկավարի կառավարման որակի հարցում, չի համակերպվել իրենց կառավարման ոճին ու որոշել է դուրս գալ խմբակցությունից, ո՞վ է դրանում մեղավոր՝ մե՞նք, թե՞ իրենք։ Ուրեմն խնդիրը իրենց մեջ պետք է գտնեն, եթե իրենք մի թիմ են եղել, և իրենց կառավարումն իրենց թիմակցին դուր չի եկել, ու այդ պատճառով դուրս է եկել, և դա իրենք համարում են մարդ գողանալ, ապա իրենք քաղաքականությունից չափազանց հեռու են և չեն հասկացել, թե իրենք ինչի համար են եկել իշխանության։       
 
- ՔՊ խմբակցության ղեկավար Հարություն Ձավարյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ տեսականորեն չի բացառվում համագործակցությունը «Ապրելու երկիր»-ի հետ, սակայն մի վերապահումով, որ  առաջարկությունը պետք է անի համայնքապետ Արկադի Թամազյանը:  Այս ընթացքում փորձե՞լ եք  համագործակցության եզրեր գտնել իշխող ուժի հետ, առաջարկներ անել, և կոնկրետ Թամազյանի կողմից ձեզ ուղղված առաջարկ եղե՞լ է՝ աշխատել միասին։

- Իր կողմից որևէ առաջարկ չի եղել, այսինքն՝  բառացիորեն նման քննարկում չի եղել, իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք՝ ՔՊ-ի ավագանու բոլոր անդամները,  միշտ էլ մտահոգ ենք եղել Ալավերդիի զարգացման, հատկապես արագ զարգացման համար։ Գարնանը ամբողջ նստաշրջանի ընթացքում մենք մասնակցել ենք ավագանու նիստերին, հանդես ենք եկել տարբեր առաջարկություններով, տարբեր խնդիրներ ենք բարձրացրել, նաև կողմ ենք քվեարկել իրենց կողմից բարձրացված հարցերի մեծամասնությանը։ Եթե մենք տեսել ենք հարցեր, որոնց պատասխանները մեզ դուր չեն եղել, ձեռնպահ ենք քվեարկել։ Այսինքն՝ սա ես համարում եմ համագործակցություն, ընդդիմություն-իշխանություն համատեղ աշխատանք։  

- Իսկ ավագանու նիստերը տապալելու, բոյկոտելու խնդիր ձեր առաջ դրե՞լ եք՝ ինչպես իրենք են մեղադրում։  

- Ոչ, մենք արդեն 8 ամիս է՝ ասում ենք մի բան՝ ավագանու քննարկվող հարցերից հանեք  համայնքի ղեկավարի երկու տեղակալների հարցը, որոնք այս տարվա հունվարին են նշանակվել ու ապօրինի, առանց համայնքի ավագանու, նույնիսկ՝ առանց համայնքի ավագանու  «Ապրելու երկիր»  խմբակցության թույլտվության։ Այսինքն՝ համայնքի ղեկավարը կամայականորեն իրեն երկու տեղակալ է նշանակել,  որոնց «կողմ», «դեմ» քվեարկությունը պետք է աներ ավագանին։ Մենք ընդամենն ասել ենք՝ եղբա՛յր, հանեք այս երկու տեղակալների հարցը, մենք կգանք և կքվեարկենք մնացած հարցերին։ Ավելին ասեմ՝ ամռանը մենք մեր նախաձեռնությամբ նիստ ենք հրավիրել՝ կապված այն հարցերի հետ, որոնք առնչվում էին  համայնքի զարգացմանը, բնակիչների մասնավոր խնդիրներին, մենք ինքներս նախաձեռնությամբ ենք հանդես եկել ու գնացել, քվեարկել ենք։ Իրենք էլ են եկել ու մասնակցել նիստին։  Հետագայում իրենց բերած հարցերի օրակարգում միշտ եղել է տեղակալների նշանակման հարցը։ Մենք էլ ասել ենք՝ չենք մասնակցելու նման նիստերի, քանի որ դա կոնկրետ արհամարհանք է մեր հանդեպ։ Դա արհամարհանք է ոչ թե անձերի, այլ մեր ընտրողների հանդեպ։ Ինչ վերաբերում է իրենց մեկնաբանություններին, թե իրենք մեծամասնություն են, ապա ասեմ՝ դուք մեծամասնություն չեք արդեն շատ վաղուց։ Որովհետև ՀԱԿ-ը, որը ձեզ հետ կոալիցիա է կազմել (ստացել է 1 մանդատ և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը), ամբողջ իրենց կուսակցությամբ հավաքել է ընդամենը 300 ձայն։ Կոնկրետ իրենց ավագանու նախկին անդամը՝ Սիմոն Զախարովը, ում էլ հարցնեք տարածաշրջանում, միշտ ունեցել է իր ընտրազանգվածը, միշտ եղել է ավագանու անդամ և նվազագույնը 600-1000 ձայն կարող է հավաքել։  Հիմա ըստ այդ հաշվարկի՝ ո՞նց եղավ, որ դուք մեծամասնություն եք, դուք արդեն փոքրամասնություն եք։ 

- Պարոն Ղումաշյան, ինչպես է ստացվել, որ հունվարին համայնքի ղեկավարը, փաստորեն, օրենքի խախտմամբ տեղակալներ է նշանակում, և միայն  հունիսին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ տեղակալների նշանակման հարցը բերվում է ավագանու օրակարգ։  Փաստորեն, երկու այդ տեղակալները 6 ամիս ապօրինի են պաշտոնավարել։ 

- Այդ հարցը իրեն տվեք, ճիշտն ասած, ես չեմ պատկերանցում, թե ինչպես կարելի է մարդուն պաշտոնի նշանակել՝ չունենալով նման լիազորություն։ Այդ մարդիկ էլ աշխատել են ու աշխատավարձ ստացել։ Մեր հարցապնդումն էլ հենց դա էր՝ եղբայր, եթե դու ասում ես, որ այդ մարդկանց օրինական ես նշանակել, այդ դեպքում ինչո՞ւ ես այդ հարցը բերում ավագանու օրակարգ՝ նիստի միջոցով հաստատելու։ Հանի՛ր այդ հարցը։ Իսկ եթե ապօրինի ես նշանակել, ազատի՛ր նրանց աշխատանքից, նրանց նշանակման հարցը բեր նիստին, գուցե մենք էլ «կողմ» քվեարկենք։ Մենք այդ անձանց հետ անձնական ոչ մի խնդիր չունենք։ Մենք ընդամենն ասել ենք՝ սխա՞լ ես արել, ուղղի՛ր քո սխալը, ազատիր նրանց ու օրինական ճանապարհով նշանակիր՝ ավագանու հաստատմամբ։ Իսկ իր արձագանքը եղել է այն, որ  արհամարհել է մեր պահանջն ու ամեն անգամ ավագանու նիստին բերել նույն հարցը։ Իսկ եթե համայնքի ղեկավարը չի ուզում լսել մեզ, մենք էլ չենք ուզում մասնակցել ավագանու նիստերին։  Մենք, կրկնում եմ, ավագանու մի քանի արտահերթ նիստերի մասնակցել ենք, որտեղ չի եղել համայնքի ղեկավարների հարցը, բայց հետո հերթական նիստերին նորից բերվել է այդ հարցը։ Մենք էլ ասել ենք՝ չենք գալիս, մինչև չհանես։

- Տեղյակ ենք, հոկտեմբերին հրավիրված ավագանու նիստի ժամանակ, որը չի կայացել քվորումի բացակայության պատճառով,  «Ապրելու երկիր»-ի 9 անդամ համայնքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ինչո՞ւ են անվստահություն հայտնել, տեղյա՞կ եք։  

- Խնդրում եմ՝ իրենց այս հարցը ուղղեք՝ եթե իրենք համաձայն չեն մեր կողմից նախաձեռնված անվստահություն հայտնելու գործընթացին, ինչո՞ւ են 9 անդամով ստորագրում Թամազյանին անվստահություն հայտնելու համար։ Ես կարող եմ մեկնաբանել այսպես՝ իրենց ընտրողներին մոլորության մեջ գցելու համար։ Բա իրենց ընտրողները չե՞ն հարցնում  իրենց ավագանու անդամներին՝ ինչո՞ւ եք նման բան արել, ի՞նչն է պատճառը։ Ես հիմա կոչ եմ անում «Ապրելու երկիր» խմբակցությանը՝  եթե դուք ուզում էիք անվստահություն հայտնել համայնքապետին, բայց  այդ օրվա նիստը չկայացավ, կարող եք գալ ու միանալ մեր կողմից նախաձեռնված անվստահության գործընթացին ու կողմ քվեարկել։ Հարգելի՛ ավագանու 9 անդամներ, ի՞նչ է փոխվել մեկ ամսվա մեջ, որ դուք հիմա համաձայն չեք մեր կողմից նախաձեռնված անվստահությանը։ Դե ուրեմն բարի եղեք ու պարզաբանեք, թե ինչու եք հոկտեմբերին նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Ինձ համար պարզ է, թե ինչ են իրենք արել, ուղղակի թող մեր ժողովրդին դա բացատրեն։ Այդ ձևական, պսևդոիմպիչմենթը իրականում մեկ նպատակով էր, որ ցույց տան, թե համայնքապետին արդեն իսկ անվստահություն հայտնվել է և երկրորդ անգամ հնարավոր չէ հայտնել։ Ընդ որում, ավագանու չկայացած նիստի վերաբերյալ արձանագրության տակ էլ նշված է՝ նիստը համարել չկայացած։ Հիմա էլ մեզ նամակ են ուղարկել, որ իբր իրենք այդ ժամանակ նիստ են արել, ու քանի որ իրենք արդեն անվստահություն են հայտնել, մենք իրավունք չունենք նորից մինչև հաջորդ տարի անվստահություն հայտնելու։ Ես էլ ասում եմ՝ եղբայր, դուք գրել եք, որ նիստը չի կայացել, չկայացած նիստում ո՞նց եք  անվստահություն հայտնել։ 

- Ավագանու հաջորդ նիստը, որի ժամանակ անվստահություն եք հայտնելու, ե՞րբ է կայանալու և Ձեր՝ համայնքապետ ընտրվելը արդյոք հավանակա՞ն եք համարում, քանի որ արդեն լուրեր կան, որ Թամազյանն ու  իր կողմնակիցները մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել ու խոչընդոտել գործընթացին։      

- Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։ Ինքը, այո, արդեն իսկ նման գործընթաց սկսել է, ոմանք արդեն նամակ են ուղարկել, թե թույլ տվեք համայնքապետարանին հարակից տարածքում ակցիա կազմակերպել, որով փորձելու են  խոչընդոտել  ավագանու անդամների մուտքը համայնքապետարան։ Պարզ է, թե իրենք ինչ են ուզում անել։ Բայց էլի հարց՝ ո՞րն է դրա իմաստը։ Նշեմ նաև, որ արդեն իսկ մտել են անձնական դաշտ՝ հատելով բարոյական նորմերը, տարատեսակ վիրավորանքներ, լուտանքներ մարդկանց հասցեին։ Թող ամեն ոք իր անձին գնահատական տա, իրեն չհամարի սուրբ ու համայնքի մասին մտածող միակն ու անկրկնելին։  Հարց տվեք համայնքի մասին մտածող այդ մարդկանց՝ «Ապրելու երկիր»-ը  իր հիմնադրամի միջոցներով 6 հատ նոր ավտոբուս է բերել, իբրև թե՝ համայնքին նվիրել։ Ես ավագանու նիստի ժամանակ հարց եմ տվել՝ մենք կողմ ենք, որ 6 նոր ավտոբուս ծառայի բնակիչներին, բայց մինչև ե՞րբ են ծառայելու, սա նվիրատվությո՞ւն է համայնքին, թե՞ ժամանակավոր օգտագործման են տրվել։ Իրենք էլ ստիպված եղան պատասխանել՝ ինչքան «Ապրելու երկիր»-ը կղեկավարի Ալավերդիում, այնքան էլ ավտոբուսները կծառայեն բնակիչներին։ Այսինքն՝ դուրս է գալիս՝ դուք կաշառո՞ւմ եք  ժողովրդին, և եթե վաղը այլևս չկառավարեք, տանելո՞ւ եք ավտոբուսները։ Ֆուտբոլի դաշտ եք ինչ-որ գումարներով վերանորոգել, կգաք խոտերն էլ կհավաքեք, կգնաք։ Փառք Աստծու, մենք այդ հնարավորությունն ունենք՝  երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ էլ վերանորոգելու։   
Հեղինե Մանուկյան