Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ պաշտոնյաներն այլևս չեն գնում Բրյուսել և օգնություն աղերսում, ԵՄ-ն է գալիս Հայաստան, առաջարկում իր օգնությունը․ Կիրակոսյան. Ազատություն

Հայ պաշտոնյաներն այլևս չեն գնում Բրյուսել և օգնություն աղերսում, ԵՄ-ն է գալիս Հայաստան, առաջարկում իր օգնությունը․ Կիրակոսյան. Ազատություն
Հարցազրույց
12:46, 04 декабрь 2023
ԵՄ-ի հետ համագործակցությունն այս կրիտիկական պահին օգնում է փոխհատուցել Հայաստանին սպառնացող ցանկացած պոտենցիալ վտանգ, ասաց փորձագետը։

Եվրամիությունն ավելի քան երբևէ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնի՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով՝ այն նաև կոչված է հետ մղելու Ռուսաստանին այս տարածաշրջանից։

Կիրակոսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք խորհրդակցել եք Եվրամիության, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության և մի շարք այլ կարևոր միջազգային կառույցների հետ: Դուք վերջերս այցելել եք Եվրոպական միության գրասենյակներ Բրյուսելում: Եվրամիությունն ունի էական քաղաքական շրջադարձ մեր տարածաշրջանում և մեր երկրում։ Կարծում եմ, որ Ձեր ներդրումը նույնպես կարող էր դեր ունենալ: Ի՞նչ է կատարվում, և ինչո՞ւ է ԵՄ-ն հանկարծ որոշել օգնել Հայաստանին՝ բավականին նշանակալից:

Կիրակոսյան․- Իմ առաջին դիտարկումն աշխատանքային այցիս ընթացքում նախ Փարիզում՝ Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչների, ապա Բրյուսելում՝ ԵՄ հանձնաժողովի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո այն էր, որ նրանք ավելի քան երբևէ շահագրգռված են Հայաստանի ներգրավման, Հայաստանի հետ հարաբերությունների խորացման մեջ։ Դրա մի մասը Հայաստանի ժողովրդավարական լեգիտիմության և բարեփոխումների ճանաչումն է: Դա նաև Ուկրաինայի մասին է։ Այն նաև կոչված է հետ մղելու Ռուսաստանին այս տարածաշրջանում: Ավելի հետաքրքիր է, որ երկրորդ դիտարկումս Եվրամիության ներսում Ադրբեջանի նկատմամբ ունեցած զայրույթն ու հիասթափությունն է։ Դա մի բան է, որ մենք պահանջել ենք, բայց չենք ակնկալել։ Վերջապես դա ի կատար ածվեց, երբ Ադրբեջանը չարաշահեց Եվրամիության համբերությունը։

«Ազատություն»․ - Հիմա անդրադառնանք պաշտպանական քաղաքականությանը: Մենք տեսել ենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ ստորագրում է պաշտպանական համագործակցության պայմանագրեր, որոնք ներառում են նաև առաջադեմ զրահատեխնիկա և հակահրթիռային հսկողության սարքավորումներ, որոնք կարող են օգնել Հայաստանի զինված ուժերին՝ պաշտպանելու իր օդային տարածքը անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարձակումներից: Սա հայտնի փաստ է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ի երկրները դժկամությամբ էին տրամադրում Հայաստանին ռազմական օգնություն՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված անվտանգության մտահոգությունների պատճառով։ Բայց ի՞նչը հանգեցրեց փոփոխության, ինչո՞ւ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամները սկսեցին օգնել Հայաստանին:

Կիրակոսյան․ - Կարծում եմ՝ դա նախ 2020 թվականի պատերազմի հետևանքն է, իսկ հետո այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի արտաքսումը, էթնիկ զտումները։ Սա արտացոլում էր եվրոպական մեղքի որոշակի աստիճան, բայց այն նաև նախատեսված է Եվրամիության կողմից՝ դեմ առնելու վտանգավոր նախադեպը՝ Ադրբեջանի կողմից դիվանագիտության նկատմամբ ուժի կիրառման հաղթանակի նախադեպը, ավտորիտար Ադրբեջանի հաղթանակը պայքարող ժողովրդավարության նկատմամբ: Այս համատեքստում այն կոչված է դիմակայելու արևմտյան արժեքներին սպառնացող վտանգին: Բայց մենք նաև տեսնում ենք, որ սա նաև անվտանգության աջակցության ավելի լայն փաթեթի մի մասն է, որը սկսվել է դիտորդական առաքելության տեղակայելու միջոցով՝ Եվրոպական միության՝ Հայաստանի անվտանգությանը նվիրվածության շոշափելի ցուցադրմամբ: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, դա մեծ ուշադրություն է Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման նկատմամբ: Սա նաև ի նշան այն բանի, որ Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար ամենալուրջ սպառնալիքը: Եվ վերջապես դա միայն ԵՄ-ն չէ: Դա նաև ամերիկյան ռազմական օգնությունն է՝ վերապատրաստումն ու կրթությունը: Դա նաև Միացյալ Թագավորությունն է: Այժմ, երբ նրանք ԵՄ-ից դուրս են, վերջերս համագործակցության համաձայնագիր են ստորագրել նաև Հայաստանի հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում