Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անզեն աչքով տեսանելի է` Հայաստանը ՌԴ-ի կողմից ենթարկվում է հիբրիդային հարձակման

«Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լյայեն հանդիպումը կարող է լինել պատմական. նոր հորիզոններ, նոր հեռանկարներ։ Հանդիպումը կարող է փոփոխություններ բերել ՀՀ-Արևմուտք տնտեսական փոխհարաբերություններում, քաղաքական հարաբերություններում, անվտանգային նոր համագործակցություն, բայց ես չեմ ուզում, որ գերադրական սպասելիքներ ստեղծվեն, որ այս հանդիպումով բոլոր հարցերը լուծվելու են։ Հանդիպումը կարող է դառնալ մի գործընթացի սկիզբ, որը կարող է մեղմել տարածաշրջանային իրավիճակը ու մեղմել կոնֆլիկտը մեր երկու հարևանների հետ»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում  նախատեսված   ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։ 

Ըստ Քոչինյանի՝ Ադրբեջանը շատ ավելի անկախ է ՌԴ-ից, քան Հայաստանը, բայց կան հարցեր, կան իրենց մոտ շահերի համընկնումներ, և այդ հանդիպումը կարճաժամկետ հատվածում կարող է ստեղծել որոշակի ռիսկեր և խնդիրներ, բայց երկարաժամկետ կտրվածքով ապահովելու է անվտանգության բարձրացում. «Այդ խնդիրները ոչ թե Բաքվում են, այլ Մոսկվայում։ Այդ խնդիրները ցանկացած փուլում լինելու են, ու չի կարող լինել Երևանի դիվերսիֆիկացիա առանց այդ ռիսկերի»։ 

Քաղաքագետը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը մեր որոշելիքը պետք է լինի. «Չեմ կարծում՝ Արևմուտքը նման խնդիր է դրել։ Մեր դեպքում «և՛, և՛» չի լինում. Հայաստանը պետք է ընտրություն կատարի, ՀԱՊԿ-ից դուրս գա»։ Քաղաքագետի խոսքով՝ անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանը ՌԴ-ի կողմից ենթարկվում է հիբրիդային հարձակման։  

Ինչ վերաբերում է ՌԴ-ից ՀՀ կախվածությանը էներգետիկ առումով, ապա Քոչինյանի խոսքով՝ եթե մենք կարողանանք Հայաստանից դեպի Վրաստան 4-րդ հոսանքագիծը կառուցել և միանալ Սև ծովի հատակով անցնող հոսանքագծին, ապա ՀՀ-ում հովհարային անջատումներ չեն լինի, որովհետև մենք միացված կլինենք ԵՄ-ի հոսանքային գծին. «Մասնագետները ասում են, որ խնդիր կա տեմպի հետ, և կարելի է այդ գործը ավելի արագ անել։ Այս 4-րդ հոսանքագծի միացումը շատ կարևոր է ու ազգային անվտանգության հարց է մեզ համար»։

Քոչինյանը չի կարծում, որ ՌԴ-ն ինչ-ինչ հարցերից ելնելով կփակի գազի խողովակը. «Ամենայն հավանականությամբ նման դեպքում կթանկացվի գազի պայմանագիրը։ Իսկ Իրանից եկող խողովակաշարը եթե ունենա համապատասխան տեխնիկական հագեցվածություն, խոսքը տուրբինների մասին է, որը չկա խողովակաշարի վրա, ապա, ինչքանով ես եմ հասկանում, ՀՀ-ի գազի պահանջարկի մինչև 80 տոկոսը ի վիճակի է սպասարկել»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան