Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե իսրայելա-իրանական պատերազմ եղավ, տարածաշրջանը չի կարող դրանից զերծ մնալ. գուցե Իրանը հակաադրբեջանական քայլերի էլ գնա

Եթե իսրայելա-իրանական պատերազմ եղավ, տարածաշրջանը չի կարող դրանից զերծ մնալ. գուցե Իրանը հակաադրբեջանական քայլերի էլ գնա
Հարցազրույց
14:00, 17 апрель 2024
Ապրիլի 13-ի գիշերը Իրանը ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ դաշնակիցների հետ համատեղ որսացել են արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Իրանի գործողությունը դատապարտել են մի շարք երկրներ։ Նշենք, սակայն, որ իրանական կողմը տեղեկացրել է, որ այս հարձակումներն իրականացվել են ի պատասխան Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ այս ամսվա սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի, որի հետևանքով սպանվել են ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան հրամանատարներ:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։
 
- Պարոն Քեշիշյան, ինչո՞ւ Իրանը գնաց նման հարձակման՝ տեղյակ լինելով Իսրայելի հզոր ՀՕՊ-ի մասին։ Եվ ըստ Ձեզ՝ այս քայլով Իրանի հեղինակությանը վնաս չհասցվե՞ց:

- Բնական է՝ Իրանը պետք է պատասխան տար, համենայնդեպս, ինչպես գիտեք, դեսպանատները և հյուպատոսարանները համարվում են տվյալ երկրի հողատարածք, և դա համարվում է այդ երկրի նկատմամբ հարձակում, և Իրանը չէր կարող անպատասխան թողնել նման քայլը։ Իսկ ինչ մնում է, թե արդյոք որքանով տեղ հասավ, խնդիրն այն է, որ Իրանն ուզում էր իր պատգամը փոխանցել և այդպիսով իր պատգամը փոխանցեց և՛ Իսրայելին, և՛ այն երկրներին, որոնք այդ միջոցով փորձում էին ճնշել Իրանին։ Նույնիսկ եվրոպական երկրները զգուշավոր վարվեցին Իրանին դատապարտելու առումով։ Այսինքն՝ եթե Ամերիկան կամ որոշ երկրներ ավելի կոպիտ հայտարարություն են անում, բայց այնուամենայնիվ հասկանում են, որ Իրանը միջազգային  իրավունքի սահմաններում էր գործում՝ նկատի ունենալով, որ նախահարձակ կողմը Իսրայելն է, որ հարվածել է։ Իհարկե, իրենք ցանկանում էին, որ  Իրանն այդ հարվածը կուլ տա և որևէ հակաքայլի չգնա, բայց դժվար թե նման բանի պատրաստ լիներ Իրանը՝ որպես տարածաշրջանային հզոր ուժ, որովհետև եթե նման բան թույլ տար, բնականաբար Իրանն ավելի կճնշվեր և տարածաշրջանում իր վարկը կիջներ։ Հիմա հակառակ պատկերն ունենք։ 

- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Իրանի գործողություններին. «Մենք կպատասխանենք Իրանին, բայց պետք է խելամիտ գործենք և չգործենք էմոցիաների վրա»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ենթադրում այս հայտարարությունը, և ի՞նչ սպասել այս հայտարարությունից հետո։

- ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցում հորդորեց նման քայլերի չգնալ, որովհետև նման քայլերը կարող են ավելի ընդլայնել լարվածությունը, ինչը ձեռնտու չէ ո՛չ Ամերիկային, ո՛չ Իսրայելին։  Հենց Նեթանյահուի նկատմամբ իր երկրում բավականին մեծ ընդդիմություն կա, և նա փորձում է իր ոտքերի տակն ամրացնել։ Բայց, այնուամենայնիվ, պարտավոր է  պատասխան տալ արևմտյան կողմին, որ չի ցանկանում տարածաշրջանում նոր պատերազմ, որը կարող է վտանգավոր վիճակ ստեղծել՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ Եվ նոր պատերազմը թե՛ Արևմուտքի, թե՛ աշխարհի համար կարող է վտանգավոր դառնալ։

- Նեթանյահուն նաև ասել է, որ «նրանց պետք է սթրեսի ենթարկել այնպես, ինչպես մեզ են սթրեսի ենթարկել»։ Արդյոք սա սովորական սպառնալի՞ք է, թե՞ հնարավոր է Իրանի պես հրթիռներ արձակեն։  

- Ես կարծում եմ՝ դժվար նման քայլի գնան, համենայնդեպս, եթե հրթիռ արձակեն, հետո պատասխանը պետք է հրթիռ լինի։ Գուցե ահաբեկչական գործողությունների գնան, ինչպես նախապես եղել է, նման հայտարարություններ ու նման քայլեր արել են, բայց Իրանի և՛ զինվորական, և՛ քաղաքական դեմքերը հայտարարեցին, որ այսուհետ որևէ քայլ, որն Իրանի դեմ կլինի, Իրանում կամ Իրանից դուրս կամ Իրանի շահերը վնասող, Իրանը հենց Իրանից ուղղակիորեն կպատասխանի Իսրայելին, ինչը որ մինչև հիմա չի եղել։ Այս հրթիռակոծումն աննախադեպ էր, վերջին 50 տարվա կամ գուցե հենց Իսրայելի ծնունդից մինչև այսօր Իրանի կողմից երբեք նման քայլ չէր եղել, և կարծում եմ, որ այլ երկրի կողմից համենայնդեպս չէր եղել, այն էլ այս մասշտաբով։ Իրանը դա հասկացրեց, որ նման քայլերի պատրաստ է գնալ։

- Հնարավոր պատերազմը Հայաստանի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա։

- Բնականաբար, եթե պատերազմ եղավ, տարածաշրջանը չի կարող դրանից զերծ մնալ, և չմոռանանք, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները շատ սերտ են, և այս հարցում գուցե նույնիսկ որոշ հակաադրբեջանական քայլերի պատրաստ լինի գնալ Իրանը։ Հետաքրքիր է, որ այդ հրթիռակոծությունից հետո որոշ իրանցի փորձագետներ արծարծում էին այն միտքը, թե արդյոք եկող հարվածը կարո՞ղ է լինել Բաքվից, թե՞ ոչ՝ նկատի ունենալով Իսրայելի շատ հզոր և կոնկրետ ներկայությունը Բաքվում և Ադրբեջանի տարածքում։ 
 
Լիլիթ Թադևոսյան