Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը գնահատել է որպես «հզոր, պատմական և հաղթական գործողություն»

Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը գնահատել է որպես «հզոր, պատմական և հաղթական գործողություն»
Տարածաշրջան
11:41, 15 апрель 2024
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը ի պատասխան հարձակման կարող է փորձել խարխլել Իսլամական Հանրապետության տնտեսությունը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Ռաիսիի խոսքով՝ Իրանը պատրաստ է դեպքերի նման զարգացմանը։ Երկրի իշխանությունները անհապաղ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ աջակցելու տնտեսական կայունությանը։ Ռաիսին ապրիլի 13-ի երեկոյան Իսրայելի տարածքի վրա Թեհրանի հարձակումը գնահատել է որպես «հզոր, պատմական և հաղթական գործողություն», որն իրականացվել է բարձր ճշգրտությամբ։

Ինչպես գրում է The New York Times-ը (NYT), հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աղբյուրներին, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իսրայելին հարվածելու հրաման արձակելով, ազդանշան է ուղարկել, որ հանրապետությունը «ռազմավարական համբերությունից» անցում է կատարում Իսրայելի ավելի ակտիվ զսպման:

Իրանն իր հարվածն իրականացրել է ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման, որի հետևանքով սպանվել է 13 մարդ, որոնց թվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան գեներալներ՝ Սիրիայում և Լիբանանում «Ալ-Քուդս» էլիտար ուժերի հրամանատարներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։