Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը թույլ չտվեց Ալիևին Երևանի ձեռքերով վիժեցնել բանակցային պրոցեսը, և նա ստիպված եղավ հայտարարել, որ Բրյուսելում հանդիպումը չի կայանա. Ստյոպա Սաֆարյան. ուղիղ

Այսօր Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որում նա մասնավորապես անդրադարձել է Բաքվի՝ պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին պահանջներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարել է. «Ընդհանուր առմամբ, հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին արվել է նշված սկզբունքների համատեքստում, և հայկական կողմին քաջ հայտնի է, որ այդ հանդիպումներում որևէ դրույթներ չեն եղել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը: Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի վերլուծության հիման վրա»։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ լուրջ պատճառներ ունի տորպեդահարելու այս գործընթացը, և որքան էլ մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսում Ալիևը ցավ էր հայտնել, որ չի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որովհետև Հայաստանը չի ցանկանում, բայց բավականին ուշագրավ է այն, որ նրա սայթաքումը կամ բարձրաձայնումը  այն մասին, որ իրենք ցանկանում են միջանցք, իրենք ցանկանում են դեմարկացիա և դելիմիտացիա ոչ թե Հայաստանի կողմից առաջարկվող քարտեզներով, այլ պատմական քարտեզներով, հայկական դիվանագիտությանը տրված խաղաքարտ էր։

«Եվ ահա, պաշտոնական Բաքուն ավելի է մանրամասնել այս թեզը, և սա ցույց է տալիս, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները կատարվել չէին կարող, որովհետև, ըստ էության, և՛ Վաշինգտոնում, և՛ Պրահայում հիմք էին ընդունվել 1991 թվականի Ալմաթիի համաձայնագիրը Անկախ պետությունների համագործակցության  մասին, որի հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խորհրդային շրջանի քարտեզները, որով նաև, հանուն արդարության պետք է նշել, երկու պետությունները անդամակցել են միջազգային կառույցներին։ Ադրբեջանը բացարձակապես այլ քարտեզի մասին է խոսում, որտեղ երևում է, թե ինչու Ադրբեջանը չի կարող ուղղակի ստորագրել այն, ինչի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում, ապա նաև Պրահայում»,- ասաց քաղաքագետը։

  Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Ադրբեջանին բացարձակապես այլ քարտեզներ են հետաքրքրում, և նաև այդտեղ է թաքնված Ադրբեջանի ու Ֆրանսիայի կոնֆլիկտը, այսինքն՝ խնդիրը ամենևին կամ միայն Մակրոնի հարցազրույցը չէ, ի վերջո Ադրբեջանը բավականին պաշտոնական մակարդակով, հենց Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շրջանառության մեջ էր պահում Ֆրանսիայում տպագրված քարտեզները, որտեղ իբրև թե Ադրբեջանի սահմանները Ֆրանսիայի կողմից ճանաչվել են ոչ ամենևին այն տեսքով, որ տեսքով որ կան խորհրդային քարտեզներում, և Բաքուն մեծ ակնկալիքներ ուներ, որ Ֆրանսիայի կողմից ընդունված լինելու փաստը լուրջ կռվան կլինի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործում, ինչպես նաև խաղաղության պայմանագրի քննարկման գործում հիմքում կդնի հենց այդ քարտեզը։

«Սակայն արդեն իսկ Ֆրանսիայի նախագահի կողմից հարցազրույցում տրված գնահատականները բավարար դարձան Ադրբեջանի նախագահի հիասթափությունների և զայրույթի համար, որի արդյունքում նրանք տապալեցին պրահյան գործընթացը, որի հերթական հանդիպումը պետք է տեղի ունենար Բրյուսելում՝ դեկտեմբերի 7-ին, բայց պայմանավորվածությունները գալիս են ոչ թե Բրյուսելից, այլ Վաշինգտոնից։ Եվ Վաշինգտոնում է, որ երկու կողմերը համաձայնել են խաղաղության պայմանագրի կամ ընդհանրապես դեմարկացիայի կամ դելիմիտացիայի հիմք ընդունել Ալմաթիի համաձայնագիրը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։ 

Քաղաքագետի խոսքով՝ սա այնքանով է լուրջ, որ ակնհայտորեն ԱՄՆ-ը և Եվրոպան տեսնում են, որ Ալիևը հետ է կանգնում այն պայմանավորվածություններից, որի տակ նրա ներկայացուցիչները և ինքը համաձայնություն էին դրել՝ հայտարարելով  Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և իրենց պատրաստակամության մասին, որ այդ բոլոր գործընթացների՝ թե՛ դեմարկացիայի, թե՛ դելիմիտացիայի, թե՛ նաև խաղաղության պայմանագրի դեպքում հիմք կընդունեն Ալմաթիի համաձայնագիրը։

«Սա ցույց է տալիս, որ Ալիևն ի սկզբանե պատրաստ չի եղել գնալ  խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետև նա այդ պայմաններով, այդ քարտեզային հենքի վրա, որն առաջարկվում է թե՛ ռուսական կողմից, թե՛ նաև Վաշինգտոնում և Պրահայում, դարձավ պայմանավորվածության առարկա, այդ հենքի վրա Ալիևն ուղղակի չէր կարող կնքել կամ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Եվ պատահական չէ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Ալիևը փորձեց և՛ սահմանին շիկացման միջոցով, և՛ նաև այլ քաղաքական հայտարարություններով, և՛ ընդհուպ Հայաստանի ու նրա իշխանությունների հասցեին վիրավորանքների տարափի միջոցով այնպես անել, որ Հայաստանն ինքը տապալի բանակցային գործընթացը, բայց Հայաստանը չարեց դա, չարեց այն, ինչ ակնկալում էր Ադրբեջանը, այսինքն՝ չվիժեցրեց այդ պայմանավորվածությունները էմոցիոնալ կամ որևէ այլ ֆոնի վրա, ինչի իրավունքը ուներ, և Հայաստանը զուսպ դիվանագիտության շնորհիվ թույլ չտվեց Ալիևին Երևանի ձեռքերով վիժեցնել պրոցեսը, ինչը ստիպված եղավ նա անել՝ այդ կոնֆերանսում շտապելով հայտարարել, որ հանդիպումը չի կայանա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետը նշեց, որ հանդիպման չկայացման մասին որևէ մեկը որևէ խոսք չի ասել, և ընդամենը կար Բրյուսելի տեղեկացումը Ադրբեջանին, որ այդ հանդիպմանը ներկա կգտնվի նաև Ֆրանսիայի նախագահը, ինչը Ալիևը ստիպված էր արագ հայտարարել որպես հանդիպման չեղարկման հիմք։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան