Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցք» տալու մասին թեզը մեր երկրի ներսում շրջանառողները «պասերով» խաղում են ադրբեջանցիների հետ․ Ռուստամ Բաքոյան

«Ես կարծում եմ՝ այն իրավիճակը, որ այս պահին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծվել է, անընդունելի է, և այն  հումանիտար աղետը, որը սպասվում է արցախահայությանը, կարծում եմ՝ սրա համար պատասխանատու կողմեր կան, և պատասխանատու կողմերից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, որի խաղաղապահների միջոցով այստեղ անխափան երթևեկությունը պետք է ապահովվեր»,- այս մասին այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։  

Նա նշեց, որ մինչ այս պահը մենք նկատում ենք, որ աշխարհի ամենատարբեր երկրներ և միջազգային կառույցներ հստակ  ուղերձով են հանդես եկել և կոչ են անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նմանատիպ սադրանքներից, բայց  ռուսական կողմից, որը երրորդ կողմն է և արցախյան կոնֆլիկտի ամենաակտիվ միջամտող կողմը, որևէ արձագանք չկա, իսկ այն արձագանքը, այն լղոզված արձագանքը, որը պետական մակարդակով իրենք են տվել, դա անհեթեթություն է, և նման անհեթեթ արձագանքը որևէ կերպ չի բխում ռուսական կողմի շահերից: Այստեղ ռուսները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն, ոչ թե լղոզված հայտարարություններ անեն։

Խոսելով այն մասին, որ Լաչինի միջանցքում երեկ ադրբեջանցիները տեղադրել էին հեռուստացույց և ֆուտբոլ էին նայում, իսկ ռուս խաղաղապահները որևէ կերպ դրան չէին խոչընդոտում, պատգամավորն ասաց, որ այս պրոցեսը բավականին տարօրինակ է, երբ հատուկջոկատայինները կամ նրանց անվտանգության աշխատողները հանդես են գալիս որպես էկոակտիվիստներ, կամ այն կանայք, որոնք սպանված կենդանու մորթուց հագած մուշտակներով հանդես են գալիս որպես էկոակտիվիստներ։

«Իհարկե, հասկանալի է ամբողջ նպատակը, և թե նրանք ովքեր են։ Ռուս խաղաղապահների նկատմամբ նրանց ցուցաբերած բավականին անհարգալից վերաբերմունքը, կարծում եմ, հարիր չէ աշխարհի գերտերություններից մեկին, որի խաղաղապահներին կարող են նման կերպ վերաբերվել. խնդիրն այստեղ ֆուտբոլ դիտելը չի, խնդիրն այստեղ հենց այս ակցիան թույլատրելն է, որը չպետք է թույլ տային և արագ պետք է միջամտեին ռուս խաղաղապահները, բայց չարեցին»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։ 

Խոսելով նաև այն շրջանակների մասին, որոնք այս օրերին կրկին սկսեցին շրջանառել «Զանգեզուրի միջանցք» տալու մասին խոսակցությունները, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ այս թեզը մեր երկրի ներսում շրջանառողները  բավականին լավ «պասերով» խաղում են ադրբեջանցիների հետ։

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երեկ չմասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարության քննարկմանը, պատգամավորն ասաց, որ չմասնակցեցին, որովհետև այլ երկրի պատվեր էին կատարում և հետևաբար, իրենց  պատկերացմամբ, շանս են ստացել, հնարավորություն են ստացել իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու, այն է՝ այս հնարավորությունն օգտագործել իշխանությունների դեմ և փորձել հասնել իրենց  բաղձալի նպատակին։

Անդրադառնալով նաև ընդդիմության երեկվա հանրահավաքին, որի ժամանակ որոշ մարդիկ կոչ էին անում վառել Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ պետք չէ որևէ լուրջ ակնկալիք ունենալ այսօրվա ընդդիմությունից, այնուհետև ևս մեկ անգամ նրանց հիշեցրեց, որ եթե նրանք ուզում են արցախահայությանը փրկել հումանիտար աղետից, ապա տեղը ցույց է տալիս՝ թող գնան ՌԴ  դեսպանատան մոտ և այնտեղ պատռեն  փաստաթղթեր։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան