Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության օրակարգը շատ կարևոր է, որովհետև խաղաղության այլընտրանքը պատերազմն է. Ռուստամ Բաքոյան. տեսանյութ

«Մենք մեր արտաքին քաղաքականության մեջ բավականին ակտիվ ենք և կարծում ենք, որ հենց  դիվանագիտական ճանապարհով պետք է հասնենք այն արտաքին մարտահրավերների լուծմանը, ինչի առջև մեր պետությունը կանգնած է։ Եվ այս առումով կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ 

Նա նշեց, որ խաղաղության օրակարգի մասին իրենք խոսել են և խոսում են, և դա շատ կարևոր է. խաղաղության այլընտրանքը պատերազմն է, և մեր պետության զարգացման ու կայունության համար խաղաղություն է անհրաժեշտ, և այդ խաղաղությունը մենք պետք է ձեռք բերենք։

«Խաղաղություն ասվածը ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչպես նաև սահմաններին կայունությունը, որը շատ կարևոր է մեզ համար։ Մենք անցել ենք 44-օրյա չարաբաստիկ պատերազմի միջով, դրանից հետո մենք տեսել ենք Ադրբեջանի պարբերաբար ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք, և դրա հետևանքով մենք զոհեր ենք ունեցել, իսկ կայունությունը այս ամենից հեռու է պահելու»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։       

Խոսելով նաև ընդդիմության հանրահավաքի և այնտեղ իշխանության ու վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունների մասին՝ պատգամավորն ասաց, որ ինքը ցավում է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում ձևավորվել է մի այնպիսի կորիզ, ինչպիսին այս պահին նրանք են։

«Մեր երկրի համար առնվազն շահեր չսպասարկող հատված է, և այս փուլում առնվազն մեր հասարակությունը նկատում է, որ այս մարդիկ կամ մարդկանց այս խումբը ամեն հնարավոր բան անում են մեր  երկիրն ապակայունացնելու և առողջ մթնոլորտից հեռու պահելու համար։ Ես կարծում եմ՝ ողջախոհ մարդիկ կամ այն ընդդիմությունը, որը սրտացավ է, հոգատար է և մտածում է իր պետության անվտանգության, սուվերենության, անկախության մասին, այս փուլում այլ գործելաոճ կդրսևորեր, և դրա արդյունքում էլ ավելի արդյունավետ աշխատանք կլիներ և՛ բանակցային պրոցեսներում, և՛ մնացած այլ հարցերում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ ներկայիս ընդդիմադիրները տարիներ շարունակ իշխանությունը մսխել են՝ ոչ թե ընտրության արդյունքներով, այլ ժառանգաբար իրար են փոխանցել, իրար մեջ են բաժանել, և հիմա, երբ այլևս փակված է այդ էջը, և Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, ու ժողովուրդն այս ճանապարհով է գնում, որը թեև հարթ չի, այս հատվածը կամ այս խումբն առնվազն հաշտ չէ այս գործեալոճի և իրենց բռնած ճանապարհի հետ։ 

«Պոպուլիստական հայտարարություններ անել և խանգարել պետությանը՝ առաջ գնալու, այս մարդիկ կարծում եմ՝ այս առումով անգերազանցելի են, հետևաբար լավ բան անել չեն կարող։ Այս որակի մարդիկ առնվազն նման հայտարարություններով պետք է հանդես գան, որովհետև այլ ճանապարհ չունեն և չգիտեն էլ այլ ճանապարհ, որով կարող են իրենք շարժվել»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան