Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի և նրա ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կարելի է սահմանել Մագնիտսկու օրենքի կիրառմամբ՝ դիմելով Սենատին. Սաքունց

Իրավական ճանապարհը պետք է շարունակել, ՄԻԵԴ-ում պետք է արձանագրվեն Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները։ Իսկ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու հարցը ՀՀ-ն կարող է բարձրացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և պնդումներ անել։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ 

«Հաջորդ գործիքը, որը շատ արդյունավետ է, դա Մագնիտսկու մասին օրենքն է, Մագնիտսկու մասին օրենքը մի քանի պետությունների կողմից է ընդունվել, որ կարող են անհատական պատժամիջոցներ կիրառվել անձանց նկատմամբ, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Միացյալ Նահանգներն, օրինակ, ընդունել է այդպիսի օրենք։ Պատժամիջոցները Իլհամ Ալիևի և նրա ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ կարելի է հենց Մագնիտսկու օրենքի կիրառմամբ իրականացնել՝ դիմումներ ներկայացնելով Միացյալ Նահանգների սենատին»,- նշեց Արթուր Սաքունցը։   

Նրա խոսքով՝ ամենամեծ աբսուրդը այն է, որ Հայաստանն ակնկալի միջազգային ասպարեզում ստանալ խաղաղապահ ուժերի մանդատ ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանի զորամիավորման համար. «Ավելի լավ է դրա մասին չխոսել, մտածել, թե ինչ ջանքեր պետք է գործադրել, որ ռուս խաղաղապահների ժամկետը լրանալու պահին՝ 2 տարի հետո, ունենաս միջազգային խաղաղապահ ուժերի մանդատ»։
 
Հարցին՝ արցախցիները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, ի՞նչ կարող ենք ակնկալել ՄԱԿ-ից, իրավապաշտպանն արձագանքեց. «ՄԱԿ-ից՝ միայն քաղաքական գնահատականներ մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Սա այն լեգալ կողմն է, որի հիման վրա առանձին պետությունները սկսում են օգնություն ցուցաբերել, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի դեպքում»։ 

Նարա Մարտիրոսյան 

Մանրամասն՝ տեսանյութում