Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարելի է հասնել նրան, որ ՄԱԿ-ի դատարանի վճռի կատարման հարցը Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան բարձրացնեն ՄԱԿ ԱԽ-ում. Սիրանուշ Սահակյան

Կարելի է հասնել նրան, որ ՄԱԿ-ի դատարանի վճռի կատարման հարցը Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան բարձրացնեն ՄԱԿ ԱԽ-ում. Սիրանուշ Սահակյան
Հարցազրույց
15:12, 12 июль 2023
Civic.am-ի զրուցակիցն է միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

- Տիկին Սահակյան, ԿԽՄԿ Արցախի ներկայացուցչի խոսքով՝ իրենց մեքենաները ենթակա են ստուգման Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետում, ԿԽՄԿ-ն դա նորմալ ընթացակարգ է դիտարկում, մինչդեռ Հաագայի դատարանը հերթական անգամ ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի երկկողմ երթևեկության համար։ Այս դեպքում ԿԽՄԿ-ն ինչո՞ւ է նորմալ համարում մեքենաների ստուգումը, և արդյոք դա օրինակա՞ն է։

- Լաչինի միջանցքի շրջափակումն ապօրինի է՝ այս առումով մենք ունենք Միջազգային արդարադատության դատարանի գնահատականը, որը նաև իրավաբանորեն պարտադիր որոշում է կայացրել բացել միջանցքը։ Բայց մենք տեսնում ենք, որ միջանցքով ազատ տեղաշարժ ապահովված չէ, ավելին՝ միջանցքն ամբողջովին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, և այս անցակետի միջոցով նրանք վերահսկում են իրականացնում ապրանքների տեսանկյունից։  
Կարծում եմ՝ ԿԽՄԿ-ն մեկնաբանելիս հաշվի է առել Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը և այնտեղ սահմանապահ ծառայության իրականացումը, որն անխուսափելիորեն ենթադրելու էր բեռների տեղաշարժի հսկում։ ԿԽՄԿ-ն, կարծում եմ, չի տվել և չէր էլ կարող տալ գնահատական միջանցքի իրավական ռեժիմի՝ շրջափակման, նրա օրինականության կամ այլ հարցերի վերաբերյալ։ Դա ամբողջովին ԿԽՄԿ-ի մանդատից դուրս է, և ավելին՝ դա հակասող կլինի ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումներին, ինչն անթույլատրելի է։ Բայց փաստացի Ադրբեջանն ուժով իրականացնում է մաքսային ռեժիմ, որի պայմաններում չի կարող չլինել ուղեբեռի զննություն։  

- ԱԳՆ-ն իր տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Հայաստա՞նը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին, թե՞ ՄԱԿ ԱԽ-ն կարող է որոշ քայլեր ձեռնարկել, եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի և ինչո՞ւ չի ձեռնարկվել մինչ այս պահը։

- ԱԳՆ-ի կոչի հասցեատերն, այո, կարող է լինել ՄԱԿ ԱԽ-ն, բայց նաև ՄԱԿ-ի այլ մարմիններ, որոնք իրենց մանդատի շրջանակում առնչվում են այս խնդիրներին։ Անվտանգության խորհրդում հարցի քննարկումը պարզեցված ընթացակարգով նախաձեռնվում է անդամ պետությունների կողմից, իսկ այլ պետությունների կողմից մի փոքր բարդեցված է։ Բայց նաև հաշվի առնելով, որ խնդիրը ոչ թե Հայաստանի կողմից ինքնուրույնաբար դրվող հարցադրում է, այլ ՄԱԿ-ի դատարանի վճռի կատարումն է, որի առնչությամբ դատարանը տեղեկացրել է ԱԽ-ին, այստեղ Հայաստանն ակնկալիք է ձևավորում, որ հենց ԱԽ-ն նախաձեռնությամբ հարցը կբերի օրակարգ։ Ես կարծում եմ, որ ԱԳՆ-ի կողմից նման կոչ անելն անհրաժեշտ էր, բայց պետք չէ բավարարվել նման կոչեր ուղղելով, և Հայաստանը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով այդ խնդիրն օրակարգ տանի՝ անդամ պետությունների հետ աշխատելով, օրինակ՝ առնվազն երեք երկրների՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների։ Եվ եթե այս վճիռը չի կատարվում, ապա դիվանագիտական ճանապարհով կարելի է հասնել նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան հարցի նախաձեռնող լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Իհարկե, ՄԱԿ ԱԽ-ի կազմն էլ նշանակություն ունի, այստեղ ներգրավված են երկրներ, որոնք սերտ քաղաքական և այլ տեսակի շահեր ունեն Ադրբեջանի հետ և միգուցե բացառեն հակաադրբեջանական որոշումների կայացումը՝ վետո դնելով, բայց դրա հաղթահարումը ևս ենթադրում է ակտիվ դիվանագիտական և քաղաքական աշխատանք։ Հետևաբար կոչին պետք է նախորդեն և հաջորդեն դիվանագիտական լուրջ ջանքեր, որպեսզի իրականացվեն կոնկրետ գործողություններ անդամ պետությունների կողմից։

- Այս պահին քանի՞ գերի ունենք Ադրբեջանում, և արդյոք կա՞ն գերիներ, որոնց նկատմամբ այլևս որևէ իրավական գործընթաց չի ընթանում։ 

- Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատված 35 գերի ունենք, բայց մյուս գերիների կարգավիճակը մնում է չպարզված և անորոշ։ 80 զինծառայողների վերաբերյալ կան փաստեր, որ գերեվարվել են Ադրբեջանի կողմից, բայց Ադրբեջանը չի հաստատում։ 
Ադրբեջանում պահվող բոլոր գերիների նկատմամբ իրականացվել են իրավական գործընթացներ, և նրանց առնչությամբ Ադրբեջանում կայացվել են դատական ակտեր՝ ազատազրկման պատժի տեսքով, և քանի որ պատիժները տատանվել են 6 ամսից մինչև 20 տարի, մենք ունենք ու ունեցել ենք անձինք, որոնց պատիժը կատարված է։ Նաև ըստ ադրբեջանական մամուլի՝ որոշ զինծառայողների նկատմամբ կիրառվել է ներում կամ համաներում, բայց նշեմ, որ հիմք հանդիսացող փաստաթղթերը մենք չենք կարողացել հայտնաբերել, և այս առումով ադրբեջանական մամուլի տեղեկատվության հավաստիությունը չեմ կարող գնահատել։

- Արդեն իսկ պատիժը կատարված անձանց վերաբերյալ փաստաթղթեր ձեռք բերելու հարցում ՀՀ Կառավարությունը, իրավապաշտպաններն ի՞նչ անելիք ունեն, հնարավո՞ր է ադրբեջանական մամուլի հրապարակման հիմքով պահանջ ներկայացնել՝ համապատասխան փաստաթղթերն ստանալու համար։

- Իրավական համագործակցության փաստաթղթեր գոյություն ունեն, որին անդամակցում են Հայաստանը և Ադրբեջանը, այո, դրա շրջանակներում նման խնդրագրեր ներկայացնելու հնարավորություն կա։ Այդ տեղեկատվությունը վերաբերելու է գերեվարված զինծառայողներին, որոնք իրենց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն և ընտանիքներին փոխանցելու իրավունք, բայց հասկանալի է, որ անգամ իրավունքի գոյության պայմաններում Ադրբեջանը կարող է ցուցադրական անգործություն դրսևորել և հրաժարվել այդ տեղեկատվությունը տրամադրելուց։ Դրա համար կանխատեսելիությունը, որ օրենքին համապատասխան գործելակերպ կլինի, չափազանց փոքր է։ 

- Եթե դիտարկենք այն տարբերակը, որ ադրբեջանական մամուլը միտումնավոր է հայ գերիների վերաբերյալ այդ տեղեկատվությունը տարածել, և այն հավաստի է, ապա ո՞րն է եղել նպատակը՝ ըստ Ձեզ։  

- Կարծում եմ՝ հետևյալն է, որ նրանց անազատության մեջ պահելու հիմքերը վերացել են, բայց անգամ այս պայմաններում չեն վերադարձվում։ Ես չեմ բացառում, որ եղել է պայմանավորվածություն՝ եվրոպացի գործընկերների հովանու ներքո կնքված, համաձայն որի՝ որոշ թվով զինծառայողներ պետք է ազատ արձակվեին և հանձնվեին Հայաստանին՝ փոխանակվեին 2 ադրբեջանցի զինծառայողների հետ, և Ադրբեջանը դրա համար իրավական հիմքեր էր ստեղծել։ Սակայն հետագայում պայմանավորվածություններ են խախտվել, և այս պահին առանց որևէ իրավական հիմքի այդ տղաները պահվում են անազատության մեջ։ Բայց առհասարակ՝ ես կարծում եմ, որ անկախ ներումների ու համաներումների հանգամանքից՝ ի սկզբանե գերիներին պահելու իրավական հիմքեր չունի Ադրբեջանը, որովհետև բոլոր հայ գերիների դատապարտումներն ապօրինի են և կատարվել են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Ապագայում մենք կունենանք արձանագրումներ ՄԻԵԴ-ի կողմից, ինչն էլ կնշանակի, որ անազատության մեջ պահելու հիմքեր գոյություն չունեն, և ռազմագերիներին հայրենադարձնելու իր պարտականությունն Ադրբեջանը արդեն երկու տարուց ավելի է՝ չի կատարում։

Նարա Մարտիրոսյան