Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի հայ վիրաբույժն Արցախում վիրահատություններ և խորհրդատվություն է անցկացրել

Հայտնի հայ վիրաբույժն Արցախում վիրահատություններ և խորհրդատվություն է անցկացրել
Հասարակություն
20:01, 14 июль 2021
Ռուսաստանի Դաշնության Երամիշյանցևի անվան №20 հիվանդանոցի երակաբանության բաժնի ղեկավար, անոթային վիրաբույժ Հովսեփ Մանջիկյանը և երակաբան Անտոն Իսաևը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում հուլիսի 12-14-ը անվճար վիրահատություններ են կատարել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս օրերի ընթացքում կատարվել է օրական միջինը 17 վիրահատություն:

«Պատահական չէ, որ այսօր ես գտնվում եմ Արցախում: Վաղուց էի պլանավորել գալ այստեղ և իմ մասնագիտական օգնությունը ցուցաբերել արցախահայությանը: Այնպես ստացվեց, որ Ստեփանակերտի ՀԲԿ բժիշկ Զ.Սաղյանը մեզ մոտ՝ Մոսկվայում է վերապատրաստվել, որից հետո գաղափար առաջացավ գալ այստեղ և տեղի լավագույն բժիշների հետ օգնություն ցուցաբերել մարդկանց: Այս երեք օրերի ընթացքում, վիրահատություններից բացի, մոտ 200 խորհրդատվություն ենք անցկացրել»,- մեզ հետ զրույցում նշել է անոթային վիրաբույժ Հ. Մանջիկյանը և հավաստիացրել, որ նմանատիպ այցելությունները Արցախ շարունակական բնույթ են կրելու:

Մեր զրուցակիցը կարևորել է , որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, նույնիսկ՝ լրացուցիչ, և աշխարհում քիչ հիվանդանոցներ ունեն տեխնիկական այդպիսի հագեցվածություն։

«Ես եղել եմ Եվրոպայի, ԱՄՆ-ի, ՌԴ տարբեր հիվանդանոցներում և կարող եմ վստահաբար ասել, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական հիվանդանոցի շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը այնտեղի մասնագետներից շատերը ուղղակի կնախանձեին. այստեղ բուժում ստանալու բոլոր անհրաժեշտ պայմանները առկա են, ինչի համար ես միայն ուրախ եմ»,- ընդգծել է անոթային վիրաբույժը: