Քաղաքացիակենտրոն
լրատվություն

211 նոր ավտոբուսները շահագործելու է Երեւանի քաղաքապետարանի հիմնադրած «Երևանտրանս» ՓԲԸ-ն

211 նոր ավտոբուսները շահագործելու է Երեւանի քաղաքապետարանի հիմնադրած «Երևանտրանս» ՓԲԸ-ն
Հասարակություն
15:31, 02 август 2021
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ հայտարարեց, որ քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսները Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան եւ ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: 

Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝  նոր ավտոբուսները հանձնվելու՞ են մասնավոր ընկերություններին, թե՞ քաղաքապետարանն է շահագործելու դրանք, ասաց․ «Քաղաքապետարանի հիմնադրած  կազմակերպությունն է շահագործելու՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ն»։

Մեր հարցին, թե ինչ է լինելու երթուղային գազելների հետ, Կարապետյանը պատասխանեց․ «Եթե իրենց պայմանագիրը ուժի մեջ է, կամ, եթե համապատասխանում են կանոններին՝ շարունակելու են երթևեկել։ Երեւանում ամբողջ երթուղային ցանցը ծածկելու համար պետք է 850 ավտբուս, սա ընդամենը 211 ավտբուս է, այսինքն՝ շուրջ 1/4-րդը պահանջված ավտոբուսներից։ Այսինքն սրանով ամբողջ ցանցը չի ծածկվի, բայց որոշակի գծեր փոխարինվելու են»։